Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/481

Այս էջը հաստատված է

− Լռեցե՛ք, թողե՛ք ընկեր Սուսերյանցը խոսի,− ըսավ ուրիշ մը,− հետո եթե դիտողություն ունիս, կպատասխանես։

Այս ընդհանուր խառնաշփոթության մեջ ընկեր Սուսերյանց իր խոսքը առաջ տարավ, մերթ ընդմիջվելով, մերթ ծափահարվելով։

Հազիվ թե խոսքը ավարտած էր՝ պարոն Թորգոմ բազմությունը ճեղքելով մոտեցավ ճառախոսին քով և կամաց մը ըսավ ականջին։

− Դուրս ելնենք, կարևոր խոսք ունիմ։

− Ի՞նչ կա,− հարցուց մյուսը։

− Շատ կարևոր տեղեկություն մը․․․

Երկուսը միասին փողոց ելան։

− Դարձյալ ի՞նչ պատահեցավ,− հարցուց ընկեր Սուսերյանց ուսուցչին շփոթած կերպարանքը դիտելով։

− Սոսկալի բան մը…

− Ի՞նչ, խոսիր շուտ։

− Կարելի չէ Պողոս էֆենտիին քվե տալ։

− Ինչպե՞ս, − գոչեց Սուսերյանց աչքերը խոշոր−խոշոր բանալով,− ի՞նչ ըսիր…

− Կըսեմ թե անօգուտ է Պողոս էֆենտիին համար քվե հավաքել։

− Ի՞նչ պատճառավ, խնդրեմ․․․

− Որովհետև ընտրելի չկրնար ըլլար։

− Հիմարացա՞ր հանկարծ,− գոչեց Սուսերյանց իր բարեկամին երեսը նայելով,− կատա՞կ կընես․․․

− Շատ լուրջ կխոսիմ…

Եվ ուսուցիչը հևիհև, ընկերոջ հաղորդեց ինչ որ լսած էր Մանուկ աղայեն։

− Չպետք է լինի այդ բանը,− վճռեց Սուսերյանց ըստ իր սովորության։

− Ի՞նչ բան պետք չէ ըլլա,− հարցուց Թորգոմ զարմացած։

− Չպետք է որ Պողոս էֆենտին հեռանա թաղեն․․․

− Բայց վերջապես չենք կրնար ստիպել զինքը, որ անպատճառ այս թաղին մեջ բնակի։

− Ինչպե՞ս չենք կրնար ստիպել․․․ իհարկե կստիպենք և ինք պետք է որ հպատակի իր ընտրողներու պահանջմունքին։

− Քանի որ տունը ուրիշին վարձու տված է, այդ կնշանակե որ հաստատապես որոշած է հեռանալ մեր թաղեն։