երկու որոշ անձ, անհատական մարդը, որ մեզ բնավ չէ շահագրգռեր և հանրային հասարակական մարդը։ Անհատական մարդը կրնա իր որոշ հայացքը ունենալ, մենք կհարգենք կարծիքի ու գաղափարի ազատությունը, բայց հանրային մարդը իր կուսակցությանը կպատկանի, նա որպես հավաքական մարմնի մասնիկ չի կրնար իր կուսակցության հայեցակետը չունենալ…
− Ես կուսակցական չեմ, ատ ուրկե՞ հանեցիր… ի՞նչ կուսակցություն է ըսածդ…
− Ինչ որ է, Պողոս էֆենտի, մենք ձեզ կուսակցական կնկատենք և ասոր համար կուզենք ձեր պատիվը բարձր պահել։ Այս նպատակով ահա հոդված մը պատրաստած ենք, որ անպատճառ թերթի մեջ հրատարակել պիտի տանք։
− Ո՞ր թերթին մեջ պիտի տպեք ձեր պատասխանը,− հարցուց։
− Դեռ չենք որոշած,− պատասխանեց Սուսերյանց,− նախ պետք է որ թերթին տրվելիք գումարը ապահովենք։
− Ատիկա դյուրին է,− պատասխանեց Պողոս էֆենտի,− ես պետք եղածը կվճարեմ, պայմանավ, որ բնավ մեկը չիմանա… չեմ ուզեր, որ ասկե ետք իմ անունս խառնվի այդ թեսակ թաղական խնդիրներու… իսկ դրամը տալուս պատճառը այն է, որ այդ անամոթները չկարծեն, թե իրենց պատասխան տվող չկա…
Պողոս էֆենտի ժիլետին գրպանը խառնեց, երեք ոսկի հանեց, Սուսերյանցին տվավ և ըսավ.
− Կարծեմ ասիկա բավական է։
− Անպայման,− պատասխանեց մյուսը։
− Սանկ զորավոր բան մը գրել տվեք։
− Ջախջախիչ… միայն թե այսչափով խնդիրը չի լմննար, մենք ուրիշ «միսիա»–ով մը եկած ենք հոս…
− Ինչո՞վ եկած եք,– հարցուց Պողոս էֆ., չկրնալով հասկնալ Սուսերյանցի ըսածը։
− Այսինքն մասնավոր պաշտոնով մը,− թարգմանեց պարոն Թորգոմ։
− Ի՞նչ պաշտոն է այդ…
− Հանուն թաղեցիներուն եկած ենք պահանջելու, որ վերադառնաք ձեր թաղը,− ըսավ Սուսերյանց։
− Այդ անկարելի է…
− Անպայման պետք է վերադառնաք։