Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/490

Այս էջը հաստատված է

− Պարապ տեղը մի հոգնիք, երդում ըրած եմ այդ թաղը ոտը չկոխել։ Ասկե զատ բժիշկն ալ արգիլած է արդեն, Ք. թաղին օդը կնոջս կվնասե կոր։

− Չպետք է մերժեք մեր հրավերը։

− Բացարձակապես կմերժեմ։

− Մենք այստեղեն չենք հեռանար, մինչև որ ձեր համաձայնությունը չառնենք։

− Կաղաչեմ, մի ստիպեք, պարապ տեղը զիս կբարկացնեք, կոր, անկարելի է կըսեմ կոր, ա՞ պապամ, խոսք հասկցե՛ք։

Սուսերյանց տեսավ, որ կարելի չէ վաճառականը համոզեր ուստի ըսավ․

− Գոնե մեզի արտոնեցեք, որ ձեր անունով հայտարարենք թե վերջնականապես չեք հեռացած Ք․ թաղեն։

− Այդ ալ չեմ կրնար ընել։

− Բայց մենք ստիպված ենք այդպիսի հայտարարություն մը ընել։

− Ըրե՛ք, ինչ որ կուզեք, բայց ոչ իմ անունովս։

− Դո՛ւք, Պողոս էֆենտի, Ք․ թաղին ազատական հոսանքի ներկայացուցիչն եք և ամեն հոսանք մեյ մեկ կուսակցություն է…

− Պարապ խոսք, ես ալ բան մըն ալ չեմ։

− Մեզի համար այդպես չէ և մենք պիտի շարունակենք մեր պայքարը ձեր անունին շուրջը։

− Ինչ որ կուզեք ըրե՛ք, բայց զիս հանգիստ թողուցեք,− պոռաց Պողոս էֆենտի տեսնելով, որ անկարելի էր խոսք հասկցնել այդ մարդուն։

− Ձեր հանգիստը ո՛չ մի կերպ չի խռովիր, ապահով եղեք։

− Հապա սա գրվա՞ծները։

− Դա ոչինչ, ընտրական պայքարներու միջոցին այդպես հարձակումներ կըլլան իրարու դեմ, մենք ալ կարող ենք մի ուրիշ թերթի մեջ հարձակիլ մեր հակառակորդներուն վրա։

− Գոնե այդ բանը ըրեք։

− Իհարկե պիտի ընենք, միայն թե ատոր համար դրամ հարկավոր է, մեր հակառակորդները իրենց գլուխ ունին Մարգար էֆենտիի պես մարդ մը, որ դրամը չի խնայեր, մինչդեռ մենք մեր սեպհական ուժերով կկռվինք…

Պողոս էֆ. զգաց, թե խոսակցությունը ինչ ուղղության մեջ մտած էր և ուր պիտի հանգեր։ Ուզեց կարճ կապել և ճամփու դնել երկու այցելուներուն։