Բայց հանկարծ ուրիշ գաղափար մը հղացավ, վրեժխնդրական խորհուրդ մը։
«Հանրային Կարծիք»-ի գրածը ծանրապես վիրավորած էր իր անձնավորությունը, թերևս Սուսերյանցի ձեռքով կրնար դարմանել զայն, ի փոխարեն նյութական փոքրիկ զոհողության։
− Քանիո՞վ կգրվի այդ տեսակ հոդված մը,– հարցուց երկու այցելուներուն։
− Քանի մը ոսկիով կըլլա,− պատասխանեց Սուսերյանց։
− Առե՛ք ձեզի հինգ ոսկի։
Սուսերյանց կրկնել չտվավ։ Դրամը գրպանեց և ըսավ.
− Հիմա ամեն բան կարգադրվեցավ։
− Ուրեմն գացեք և ըրեք ինչ որ հարկավոր է։
Եվ հրաժեշտ առնելով՝ մեկնեցավ քովեն։
− Գնանք «Արշալույս»-ի խմբագրատունը,− ըսավ Սուսերյանց, երբ փողոց ելան։
− Երթանք,− պատասխանեց Թորգոմ։
Խմբագրատան մեջ համակրական ընդունելություն մը գտան, մանավանդ երբ հասկցուցին, թե վճարումի փոխարեն բան մը գրել տալու եկած են։
Երիտասարդ խմբագիրմը, որ Ք. թաղի իրադարձություններուն տեղյակ կթվեր, խոստացավ պետք եղածը գրել։
Սուսերյանց թեև ուզեց որ ինք իր ձեռքով շարադրե գրությունը, բայց այդ առաջարկը մերժվեցավ։
− Մենք հոդված չպիտի գրենք, այլ ազգային լուրերու մեջ փոքրիկ ծանոթություն մը միայն պիտի տանք,− դիտել տվավ խմբագիրը։
− Բայց կուզենք որ ջախջախիչ բան մը ըլլա։
− Ինչ որ բերանացի հայտնեցիք՝ ամենքն ալ պիտի գրենք։
− Բայց խիստ ոճով մը․․․
− Ապահով եղեք այդ մասին։
Խնբագիրը անկեղծորեն կխոսեր։ Արդարև հաջորդ օր «Արշալույս»-ի մեջ հետևյալ գրվածքը կերևար․
«Այս կիրակի Ք․ թաղին մեջ տեղի կունենա տեղվույն Թաղ․ Խորհրդի ընտրությունը։ Թաղեցիները ուրիշ անգամներեն ավելի ոգևորություն մը ցույց կուտան այս ընտրության առթիվ և երկու որոշ հոսանքներ կջանան իրենց թեկնածուներուն ընտրությունը հաջողեցնել։