Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/496

Այս էջը հաստատված է

կհետևեին բակը գտնվող բազմաթիվ անձեր, իրենց գլուխը ունենալով ընկեր Սուսերյանց ու Կայծունին։

− Ժողովուրդը դուրս հանեցեք, դեռ քվեարկությունը չէ սկսված,− պոռաց ժողովականներեն մին, որ հաղթանդամ ու հզոր ձայնով անձ մըն էր։

Հայտնի չէր, թե այս հրամանը որու կուղղվեր՝ քանի որ ընտրական ժողովի անդամներեն զատ ոչ ոք կար եկեղեցիին մեջ։

Ավագերեցը կհառաջանար իր ետևեն բերելով բազմությունը։

− Ժողովուրդը դուրս հանեցե՛ք,− պոռաց դարձյալ ժողովականը ոտքի ելած։

− Ժողովուրդը դուրս չելլար,− պատասխանեց ընկեր Կայծունի։

− Չպետք է դուրս ելլե,− ավելցուց Սուսերյանց խեղդուկ ձայնով մը։

− Քվեարկուները երկերկու ներս մտնան,− դիտել տվավ ուրիշ ժողովական մը։

− Ժողովրդական քոնթրոլ կպահանջենք,− հնչեց Կայծունիի ձայնը։

Ավագերեցը հասած էր սեղանին քով և բազմեց իր նախագահական աթոռին վրա։

− Տեր հա՛յր, դուն խոսք հասկցուր այս մարդոց,− ըսավ նախագահին քով նստած անձ մը ցած ձայնով։

− Կխնդրեմ, զավակներս, աղմուկ մի հանեք,− ըսավ ավագերեցը հաշտարար ձայնով մը,– թողե՛ք, որ կարգապահությամբ և հանդարտությամբ գործ տեսնենք…

− Քոնթրոլ կպահանջենք,− գոչեցին մեկ քանի ձայներ։

− Ի՞նչ քոնթրոլ,− պոռաց հաղթանդամ ժողովականը,− ընրողական ժողովը արդեն քոնթրոլի համար նստած է հոս․․․

− Մենք ժողովրդական քոնթրոլ կուզենք․․․ ժողովուրդը պետք է իր ներկայացուցիչները ունենա այստեղ։

− Մենք արդեն ժողովրդին ներկայացուցիչներն ենք…

− Չէ՛, անանկ բան չըլլար, մեր կողմեն մարդ գտնվելու է քվետուփին քով։

Ընտրական ժողովի անդամները այս անօգուտ բանավեճին վերջ տալու համար իրարու հետ խորհրդակցեցին և ըսին բազմության, որ իրենց մեջեն մեկը ընտրեն, որպեսզի գա, հսկե սեղանին քով։