− Հոս երկու որոշ հոսանք կա,− առարկեց Սուսերյանց,− պետք է որ երկու հոսանքներն ալ իրենց զատ զատ ներկայացուցիչներն ունենան։
− Անոր ալ բե՛ք աղեկ,− ըսավ ավագերեցը,− երկու հոգի ընտրեցեք, բայց նախ դուրս եկեք եկեղեցիեն։
− Թող անոնք ելլեն, մենք ալ կելլենք,− ըսավ Սուսերյանց, մատնանիշ ընելով հակառակորդ կողմը։
− Առաջ դուք ելեք,− պատասխանեց Կայծունի։
− Ինչո՞ւ համար։
− Որովհետև առաջ դուք մտաք եկեղեցի։
− Տղերք, չպետք է տեղերնեդ շարժվիք,− հրամայեց Սուսերյանց իր մարդոց դառնալով։
− Ուրեմն մենք ալ հոս կմնանք…
Այս նոր միջադեպը կսպառնար հետզհետե մեծանալու։
Ավագերեցը կրկին միջամտեց և համաձայնության եզր մը գտավ։ Ընկեր Սուսերյանց և ընկեր Կայծունի քով քովի և միևնույն ժամանակ եկեղեցիին դռնեն դուրս պիտի ելլեին։ Այսպես փակվեցավ վեճը։
Քիչ ետքը երկու ներկայացուցիչները ընտրված էին։
«Պայքար Լսարանի» կողմե՝ պարոն Աշոտ, եռանդուն ու կռվազան երիտասարդ մը, իսկ «Շանթ Ակումբի» կողմե՝ պարոն Թորգոմ։
− Հիմա գործի կրնանք սկսիլ,− վճռեց նախագահը, երբ ժողովրդի ներկայացուցիչները իրենց տեղը գրավեցին։
Քվեարկուները խումբ−խումբ ներս հրավիրվեցան և գործողության առաջին մասը բավական հանդարտությամբ կատարվեցավ։
Հետո կարգը եկավ քվեները համրելու և կարդալու
Նախագահը հայտարարեց՝ 640 քվե բաժնված էր և 520 քվե բերված։
Այս թվերը ցույց կուտային, թե թաղը ինչ խանդավառությամբ մասնակցած էր Թաղական Խորհրդի ընտրության։
Ընտրական ժողովի հաղթանդամ ժողովականը, որ ինչպես ըսինք, զորավոր ձայն մը ուներ, սկսավ քվեները կարդալ։
Առաջին մեկ քանի քվեները Պողոս էֆ−ի և իր կուսակիցներուն անունները կպարունակեր։