Այս պարագան խնդությամբ լեցուց ուսուցչին սիրտը, որ սկսեց հաղթական ակնարկներ արձակել աջ ու ձախ։
Բայց իր ուրախությունը երկար չտևեց։ Հակառակորդ կուսակցության ցանկերը հետզհետե կբազմապատկվեին։
Պարոն Թորգոմ տենդահար ձեռքով մը, թուղթի մը վրա կնշանակեր քվեահամարի արդյունքը։ Դեռ տարբերությունը մեծ չէր Պողոս և Մարգար էֆենտիներու միջև։
Առաջինը 45 քվե ստացած էր, մինչդեռ երկրորդը՝ 56։
Բայց նոր քվեները ընդհանրապես Մարգար էֆ−ի անունը կկրեին։
Կես ժամ ետքը ուսուցիչը կրկին հաշվեկշիռ մը ըրավ։
Պողոս էֆ. 82 քվե շահած էր, մինչդեռ Մարգար էֆ. 112 քվե։ Անջրպետը կլայննար երկուքին միջև։
Պարոն Թորգոմ հարաճուն անձկությամբ կհետևեր գործողության։
Իրիկուն եղած էր արդեն, և շատերը մեկնած էին։ Հիմա միմիայն «Պայքար Լսարան»-ի և «Շանթ Ակումբի» անդամները մնացած էին իրենց դիրքերուն վրա։
Երրորդ անգամ, երբ պարոն Թորգոմ հաշիվը նայեցավ, սոսկաց. Պողոս էֆ. 112 ուներ միայն, իսկ Մարգար էֆ․՝ 218 քվե։
Ու հիմա գրեթե շարունակաբար, Մարգար էֆ. և իր կուսակիցներուն անունն էր, որ կհնչեր եկեղեցիին կամարներուն ներքև։
Ուսուցիչը անգամ մըն ալ իր ձեռքի թուղթին վրա նայեցավ, հապճեպով հաշիվ մը ըրավ և թողլով իր տեղը՝ դուրս սլացավ, դեմը ելլողին հարցնելով․
− Ո՞ւր է ընկեր Սուսերյանցը։
Այս վերջինը իր սպայակույտով շրջապատված ժուռ կուգար եկեղեցիի բակին մեջ։
− Պարտվեցանք,− գոչեց պարոն Թորգոմ իր ընկերոջ քով վազելով։
− Չպետք է պարտվիլ,− պատասխանեց մյուսը պաղարյունով։
− Եվ սակայն հաշիվը մեջտեղն է։
− Քվեհամարը վերջացա՞վ․․․
− Ոչ տակավին, բայց արդեն Մարգար էֆ. և իր կուսակիցները 264 ձայն շահած են, իսկ մենք միայն 131… եթե մնացած բոլոր քվեներն ալ Պողոս էֆ․ շահի, ինչ որ անկարելի է, դարձյալ