մեծամասնությունը Մարգար էֆ-ի կողմն է, քանի որ 261 ձայնը բացարձակ մեծամասնություն կկազմե։
Թվաբանական այս պարզ ցուցմունքը խոր տպավորություն առաջ բերավ։
− Դավաճանեցին ուրեմն մեզի դեմ,− պոռաց «Շանթ Ակումբի» անդամներեն մին։
− Լռի՛ր,− հրամայեց Սուսերյանց։
Հետո ձեռքը ճակատին տարավ վճռական որոշում մը տալու ձևով և գոչեց.
− Տղե՛րք, առաջ անցե՛ք, պետք է բեկանել այս ընտրությունը։
Եվ գավազանը ճոճելով մտավ եկեղեցիեն ներս։ Մութը այժմ պատած էր ամեն կողմ և եկեղեցին լուսավորված էր մեջտեղի սեղանին վրա դրված մեկ քանի մոմերով։
Երբ մոտեցավ սեղանին քով՝ խեղդուկ ձայնով մը գոչեց.
− Դադրեցուցեք գործողությունը…
− Ինչո՞ւ համար,− հարցուց հաղթանդամ մարդը։
− Ապօրեն է այս ընտրությունը։
− Ի՞նչ պատճառավ…
− Այո՛, ապօրեն է, չենք ընդունիր,− գոչեցին շատ մը ձայներ։
− Ընդհակառակը, շատ օրինական կերպով կատարվեցավ ամեն բան,− դիտել տվավ ավագերեցը։
− Զեղծում կա, չըլլար, բեկանում,− գոչեցին մի քանի ձայներ։
− Ժողովրդի իրավունքները ոտնակոխ եղած են…
− Ժողովուրդի ձայնը խեղդված է…
− Շատ մը թաղեցիներու քվե չէ գացած…
− Բեկանում, բեկանում…
− Կորսնցուցիք, անոր համար խնդիր կհանեք,− պոռաց ընկեր Կայծունի,− քվեարկությունը պիտի շարունակվի։
− Ժողովուրդը այսպես կպահանջե, պարո՛ն, կարդացեք քվեները։
− Ժողովուրդը կպահանջե, որ ընտրությունը չեղյալ նկատվի։
− Դուք ժողովրդի անունով խոսելու իրավունք չունիք։
− Մենք ենք ժողովրդի հարազատ ներկայացուցիչները…
− Տղե՛րք, խորտակեցեք տուփը,− հրամայեց Սուսերյանց։