կյանքը, ամուսնին մահը, աղջկան հիվանդությունը, իր թշվառ վիճակը։
Սաթենիկ Ամասյան, հազիվ երեսուն տարեկան, շնորհալի ու նուրբ դիմագծերով կին մըն էր, գեղեցիկ սև աչքերով, փոքրիկ բերանով և սպիտակ ակռաներով։ Թշվառությունը զինքը ընկճած ու քիչ մըն ալ խաթարած էր, բայց բոլորովին չէր եղծած իր կնոջական հրապույրը: Դեմքին տժգունությունը և մանկամարդ որբևայրիի տրտմությունը, որ ամբողջ կերպարանքին մեջ նկարված էր, ազնվական շնորհ մը կուտային իրեն։
Երկու տարիե ի վեր կորսնցուցած էր ամուսինը, կարող, առաջնակարգ ուսուցիչ մը, որ տասնըհինգ օրվան միջոցին, իր կնոջ թևերուն մեջ մեռած էր ժանտատենդե, որբ ձգելով իր հինգ տարեկան մեկ հատիկ աղջիկը՝ Սիրվարդը, հորը պես խարտյաշ, փոքրիկ հրեշտակ մը։ Այդ հախուռն, հանկարծական մահը, որ մեկ քանի օրվան մեջ քանդած ու փճացուցած էր ամբողջ երջանկություն մը, խելահեղ հուսահատության մը մատնած էր Սաթենիկը, ահռելի աղետին առաջին ամիսները։ Հետո, կամաց-կամաց ստիպվեր էր համակերպիլ, ապրելու որոշում տալ։ Մանավանդ որ փոքրիկ Սիրվարդը կար, ամուսնույն թողած միակ ժառանգությունը, զոր հարկ էր խնամել, մեծցնել։ Այս պարտականությունը զինքը զորացուց կյանքի դժնդակ պայքարին մեջ, սիրտ ու կորով տվավ իրեն։
Ամուսինը նյութական բան մը չէր թողած իրեն։ Թեև ամիսը 15-20 ոսկի կշահեր, բայց ամենքն ալ կծախսեին, անհաշիվ ու անհեռատես շռայլությամբ մը։
− Հիմա ապրելու, զբոսնելու, կյանքը վայելելու ատեննիս է,− կխորհեր էրիկը,− ավելի ետքը, երբ քիչ մը տարիքնիս առնենք, կրնանք խնայողություններ ընել։
Մահը երբեք հաշվի չէին առած։ Իրենց առողջ երիտասարդության մեջ բնավ չէին խորհած, որ անիկա կրնար գուցե շուրջերնին թափառիլ ու հանկարծ զգետնել զիրենք։
Ու այսպես, մեկ օրեն մյուսը, խեղճ այրին դյուրակեցիկ կյանքեն՝ թշվառության անդունդը ինկած էր։ Առաջին տարին կրցած էր գեշ-աղեկ ապրիլ, մաս-մաս ծախելով ավելորդ կարասիներն ու մեկ քանի գոհարեղենները, բայց երկրորդ տարին շատ ավելի անձկության մատնված էր. ի զուր փորձած էր աշխատիլ, ձեռագործի մասին իր ճարտարությունը արդյունավորել, գործ առնելու միջոցներ չուներ, աղջիկը իրեն արգելք կըլլար դիմումներ ընելու և