Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/502

Այս էջը հաստատված է

ընտրական խնդրույն մասին և ի վերջո որոշեց. առաջիկա նիստին մեջ լուրջ նկատողության առնել խնդիրը և պարտ ու պատշաճ տնօրինել։

ԺԵ

Պողոս էֆենտի և իր կինը հիմա բոլորովին քաշված կյանք մը կանցընեին։ Գրեթե մարդու հետ չէին տեսնվեր և տիկին Շազիկ տանեն դուրս չէր ելլեր։ Տանը մեջ ալ այր ու կին օտարականներու պես կվարվեին իրարու հետ և հազիվ անհրաժեշտ պարագաներու մեջ իրարու խոսք կուղղեին։

Պողոս էֆենտի աո երեսս ներած էր կնոջը և չէր ուզած որ գայթակղություն հարուցանե, բայց ներքնապես չէր մարսած եղածը։ Իրավ է, որ Տիրանը դարձյալ իր քով առած էր կասկածի տեղի չտալու համար, բայց միայն գործի մասին ատեն-ատեն խոսք կուղղեր անոր։

Իր այս հոգեկան կացության մեջ Պողոս էֆենտի մինակ մտածում մը ուներ, այն էր վրեժ լուծել Մարգար էֆենտիեն։

Մանրակրկիտ քննութենե մը ետք հասկցած էր, որ իր հակառակորդը լրտեսել տված էր իր կինը և այդ կերպով կրցած էր հասկնալ անոր հարաբերությունները Տիրանի հետ ու հետո նամակով մը խնդիրը իմացուցած էր իրեն։

Հիմա իր միակ մտածումն էր նույն խաղը խաղալ Մարգար էֆ-ին, լրտեսել իր կինը և զայն հանցանքին մեջ բռնել, բայց ասոր համար անձնվեր օգնականի մը պետք ուներ ու այդ օգնականն էր, որ կպակսեր իրեն։

− Ա՜խ,− կհառաչեր,− եթե սա շունշանորդի Աբգարին պես մեկը ունենայի ձեռքի տակ…

Իզուր միտքը կչարչարեր այս տեսակ անձնվեր մարդ մը ձեռք ձգելու համար։

Եվ հետո, ուրիշ կետ մըն ալ կար։

− Արդյոք տիկին Սաթեն սիրահար մը ունե՞ր…

Նախ հարկ էր այս կետը լուսաբանել։ Գիտեր, որ իր կինը ամբաստանած էր տիկին Սասանյանը իբրև անհավատարիմ, բայց այս ամբաստանությունը ոևէ որոշ ապացույցի վրա հիմնված չէր և ասոր համար ազդեցություն չէր գործած։

Պողոս էֆենտի խորհեցավ իր կնոջ հետ տեսակցություն մը