Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/504

Այս էջը հաստատված է

− Ո՞ր մեկը ըսեմ… մեկ հատ, երկու հատ չէ որ… անամոթը… արդեն ամենուն բերանն է…

− Ես երբեք, քենե զատ, մեկե մը անոր մասին բան մը չեմ իմացած։

− Դուն արդեն անանկ ես, ուրիշներուն մասին խոսվածներուն խուլ կըլլաս, իմ վրաս բան մը ըլլա նե՝ ականջներդ կբացվին։

− Հիմա դուն Սաթենին սիրահարներեն մեկուն անունը կըրնա՞ս տալ, ան նայինք։

− Ինչո՞ւ չպիտի կրնամ տալ, հարկավ կուտամ․․․

− Ըսե՛ տեսնենք․․․

− Հեռուն երթալու պետք չի կա, մեկ հատը մեջտեղն է․․․

− Ո՞վ է տեսնենք։

− Ո՞վ պիտի ըլլա իշթե Միհրանիկը․․․ Նվարդին էրիկը։

− Տոսախյան Միհրանիկ է՞ֆ-ն,− հարցուց Պողոս էֆ․ հետաքրքրված։

− Հրամմե՛ր ես, Միհրանիկ էֆենտին…

− Առաջին անգամն է, որ ասանկ բան մը կլսեմ կոր։

− Ուրիշեն լսելու պետք չի կա, գործը մեջտեղն է․․․ Սաթենին փեշեն զատված չունի, ամեն օր տուներնին է։

− Ճանըմ, ատկե ի՞եչ կելլա, բարեկամ են, կտեսնվին։

− Ամեն բանին չափ կա․․․ առտու իրիկուն քիթ քիթի են, իրարմե բաժնված չունին։

− Այդ քու ըսածդ պարզ ենթադրություն մըն է։

− Ես ըսածս գիտեմ․․․ ձեռքս կրակը կդնեմ, որ ըսածիս պես է․․․

− Ես փաստ կուզեմ, փա՛ստ,− գոչեց Պողոս էֆենտի, տեսնելով, որ իր կնոջ խոսքերը ոևէ հաստատուն հիմն չունին։

− Փաստ կուզես նե՝ իրենց ծառաները խոսեցնել տուր մեյ մը։

− Դուն խոսեցնել տվե՞ր ես։

− Կըսեմ կոր նե՝ հարկավ բան մը գիտեմ․․․ մեյ մը Սուրբիկը խոսեցնել տուր տե կիմանաս։

− Ո՞ր Սուրբիկը, Սուրբիկը ով է,− հարցուց ամուսինը։

− Սասանյանենց սպասուհին, որ հիմա քովերնեն ելած է։

− Ինչո՞ւ ելեր է։

− Ես ի՞նչ գիտնամ, հանըմին գործին չէ եկեր ճամփեր է, կերևա, որ իր խաղերուն գործիք ըլլալ չէ ուզեր խեղճ աղջիկը։