Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/507

Այս էջը հաստատված է

Երեսուն տարեկան, նիհար, ծաղկահար, տգեղ աղջիկ մըն էր Սուրբիկ, ծածկամիտ ու շատախոս բնավորությամբ։

Շազիկ չուզեց, որ անմիջապես հայտնե, թե ինչո՞ւ համար բերել տված էր Սուրբիկը, այլ ուզեց անզգայաբար խոսքը դարձնել տիկին Սաթենի վրա։

− Անցած օր ձեր տունը րեվանի մը կերա, շատ համով էր, տիկինին հարցուցի նե՝ ըսավ որ դուն եփած ես, անա՞նկ է,− հարցուց։

− Հրամմե՛ր եք,− պատասխանեց Սուրբիկ։

− Մեր Թագուկը կերակուր աղեկ կեփե, բայց անուշեղեն շատ աղեկ չիյտե շինել, չե՞ս կրնար անգամ մը իրեն սորվեցնել։

− Շատ աղեկ, երբ որ կուզեք, ի՞նչ պիտի եփենք։

− Առաջ մեյ մը րեվանին սորվեցուր։

− Արդեն մեծ բան մը չէ, թարիֆ ընեմ նե՝ ինքնիրեն կրնա շինել։

− Չէ՛, ես կուզեմ, որ դուն ձեռքովդ եփես անգամ մը, անանկ թարիֆով միտքը չմնար։

− Ինչպես հրաման կընեք նե՝ անանկ կընենք։

− Կերևա որ այդ տեսակ անուշեղենները տիկին Սաթենին տունը սորված ես,− ըսավ Շազիկ քմծիծաղով մը։

− Հոն չգացած արդեն գիտեի․․․

− Բայց տիկին Սաթենին համար կըսեն, որ շատ վարպետ է անուշեղեն շինելու համար։

− Չեմ գիտեր, ես բնավ անոր անուշ եփելը չեմ տեսած։

− Քանի անգամ որ տունը անուշ կերած ու հավնած եմ՝ «ես եփած եմ» ըսած է։

− Ատանկ սուտ պարծանքները կսիրե,− պատասխանեց Սուրբիկ,− նայինք հիչ ոտքը խոհանոց դրա՞ծ է…

− Կրնա՞ ըլլալ, որ տանտիկին մը ոտքը խոհանոց չդնե։

− Անանկ բաներու նայած չուներ…

− Ինչո՞ւ համար, ատեն չէ՞ր գտներ,− հարցուց Շազիկ ժպտալով։

− Ես ի՞նչ գիտնամ, անոր գործերուն իմ խելքս չհասնիր։

− Ան չէ ամմա, ինչո՞ւ քեզ ճամփեցին..

− Անոնք չճամփեցին՝ ես ելա,− պատասխանեց Սուրբիկ նեղացած դեմքով մը։

− Իրենք անանկ չեն ըսեր կոր։