բան մը փնտռելու համար իրենց սենյակին դուռը կբանաս և կտեսնես, որ Միհրանիկ էֆ. հանըմիդ ճիտը կհամբուրեր կոր, ուրիշ որ մըն ալ վրա կհասնիս ճիշտ այն միջոցին, որ տիկին Սաթեն Միհրանիկի ծունկին վրա նստած էր…
− Բայց Շազիկ հանըմ, անանկ բան չէ եղած նե…
− Ճանըմ, զարմանալի բան, քիչ մըն ալ քովեդ կավելցնես:
− Սո՞ւտ խոսիմ:
− Սուտի ի՞նչ կա, ինչե՞ն գիտես, որ ատանկ բաներ չեն ըրած… ի՜նչ պարզամիտ աղջիկ ես, գյուղացի ըլլալդ հայտնի ըրիր, մարդ ամեն բան աչքովը չտեսնար, երբեմն ալ մտքով կգուշակե… կրնա՞ս երդում ընել, որ ըսածներս չեն ըրած:
− Չէ՛, ինչպես կրնամ չգիտցած բանիս համար երդում ընել։
− Անանկ է նե՝ երկար մի ըներ, ես ինչ կըսեմ կոր նե՝ մտիկ ըրե… հիմա աս ասանկ կպատմես Պողոս էֆենտիին։
− Սեպե, որ պատմեցինք, հետո՞…
− Հետո, ուրիշ սիրահարներու խոսքը ըրիր, Սահակ աղբորմե լսած ես եղեր։
− Այո՛, Սահակ աղբարը կըսեր, որ հանըմը անպատճառ բան մը ունենալու է, որ շաբաթը քանի մը անգամ Բերա կերթա:
− Ատանկ անորոշ խոսք չըլլար, դուն Պողոս էֆենտիին կըսես, որ Սահակ աղբարը օր մը դիպվածով տեսեր է, որ տիկին Սաթեն Խոսրով էֆենտիին հետ Պոն Մարշեի դեմը գտնվող փաստաճիին խանութը մտեր ու երկար ատեն հոն մնացեր են…
− Խոսրով էֆենտին ո՞վ է,− հարցուց Սուրբիկ զարմացած:
− Ճանըմ, ո՞վ պիտի ըլլա, Քանասարյան Խոսրով էֆ-ն, տիկին Սաթենին հին սիրահարը։
− Այդ անունը բնավ չէի լսած:
− Հարկավ լսած չպիտի ըլլաս, աղջիկնության սիրահարներեն է…
− Մեղա՜, ինչե՜ր կլսեմ կոր:
− Ինչ որ է, ըսածներս աղեկ միտք պահեցի՞ր, չելլես սխալ խոսք մը ընես։
− Այո՛, բայց Սահակ աղբարը ատանկ բաներ չէ ըսած ինծի:
− Ճանը՛մ, ով որի, երթալու Սահակ աղբարը փնտռելու, հարցաքննելու չեն ա, դուն քո գործդ նայե։
− Ախ հանըմ, կվախնամ, որ այդ գործեն պելա մը գա գլխուս: