մնաց՝ թաղեցիներու չեզոք մասը, տեղի ունեցած արարքներեն գայթակղած, ուզեց միջամտել և վերջ տալ տիրող խառնակություններուն և ասոր համար դիմում ըրավ Գարեգինի, որ Մարգար էֆենտիի հակառակորդ մը ըլլալով հանդերձ՝ երբեք ապօրեն միջոցներու դիմած չէր իր մղած պայքարը հաջողցնելու համար։
Երիտասարդը չմերժեց իրմե խնդրված ծառայությունը և խոստացավ ձեռքեն եկածը ընել։
Քանի մը թաղեցիներ իրեն առաջնորդությամբ գացին ներկայացան Վարչության և կացությունը պարզեցին։
– Վարչությունը որոշած է հարգել տալ Սահմանադրությունը,− ըսավ ատենապետը։
− Ի՞նչ կերպով,− հարցուց Գարեգին։
− Կրկին քվեարկություն կատարել տալով։
− Բայց դարձյալ խռովություններ կրնան ծագիլ։
− Ազգային իշխանությունը պետք չէ որ ոտնակոխ ըլլա։
− Մենք ալ համամիտ ենք ատոր։
− Ըմբոստները խստորեն պիտի պատմժին,− շարունակեց ատենապետը։
− Միջոցներ ունի՞ք ատոր համար։
− Պետք եղած միջոցները պիտի խորհինք։
− Լավագույնն է միջին ճամփա մը գտնել,− աոաջարկեց Գարեգին։
Քվեարկությունը խանգարված ըլլալով հանդերձ ցույց տվավ թե թաղին մեծամասնությունը Մարգար էֆենտիի և իր կուսակիցներուն հետ է։
− Այդ մասին տարակույս չի կա,− հաստատեց Գարեգին ամենայն անկեղծությամբ։
− Ուրեմն փոքրամասնությունը պիտի տեղի տա։
− Մենք ալ նույն կարծիքը ունինք, բայց դժբախտաբար այդ փոքրամասնությունը չպիտի ուզե տեղի տալ, երբ ընտրության մը ձեռնարկվի և հավանորեն կրկին ծայրահեղ միջոցներու պիտի դիմե, ուստի մենք եկած ենք խնդրելու, որ առայժմ ընտրությունը հետաձգվի, մինչև որ միտքերը հանդարտին։
− Բայց թաղային գործերը ո՞վ պիտի վարե․․․
− Վարչությունը թող իր կողմե առժամյա Թաղ. Խորհուրդ մը ընտրե,− առաջարկեց Գարեգին։