Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/520

Այս էջը հաստատված է

− Էֆենտիիին ըսածը գործնական գաղափար է,− դիտել տվավ Կարպիս Նիզակ էֆ․։

− Բայց մեծամասնությունը պիտի բողոքե այդ ժամանակ։

− Մեծամասնությունը չբողոքեր, եթե առժամյային մեջ իր թեկնածուներեն մեկ քանին առնվին։

− Այն ատեն փոքրամասնությունն ալ պիտի բողոքե։

− Կարելի է փոքրամասնութենեն ալ մեկ-երկու հոգի առնել։

Ատենապետը Պատրիարքին դարձավ և հարցուց։

− Ի՞նչ կըսեք, սրբազան։

− Մեկ-երկու հոգի ալ չեզոքներեն կդնենք, աղվոր թարխանա չորպասի մը կըլլա,− պատասխանեց նորին սրբազնությունը։

Եվ քովը նստող ժողովականին ցած ձայնով հարցուց.

− Ան չէ ամմա, աղեկ թարխանա ո՞ւր կծախեն։

− Իրավ որ չեմ գիտեր,− պատասխանեց ժողովականը։

Գարեգին կրկին իր ընկերներով պնդեց առժամյա Թաղական Խորհրդի մը կազմության մասին և ի վերջո քաղաքական ժողովը խոստացավ առաջարկը նկատողության առնել։

− Կխնդրենք միայն, որ ձեր որոշումը շուտով տաք,− ըսավ Գարեգին։

− Ժողովս այսօր իսկ այդ մասին պիտի խորհրդակցի,− հաստատեց ատենապետը։

Թաղեցիները իրենց մուրատին հասած էին, ուստի շնորհակալություն հայտնելով մեկնեցան ժողովասրահեն։

Հետևյալ օր, թերթերը Խառն ժողովի որոշումներու շարքին մեջ կծանուցանեին հետևյալը․

«Ժողովը նկատի առավ Ք․ թաղի Թաղական Խորհրդի խնդիրը և լսելե հետո թաղեցիներու կողմե ներկայացած պատգամավորություն մը, հարմար չդատեց ներկա պարագաներուն մեջ նոր ընտրության մը հրահանգ տալ և որոշեց առժամյա Թաղական Խորհուրդ մը կազմել, վարելու համար ընթացիկ գործերը մինչև ցնոր տնօրինություն։

«Առժամյա Թաղական Խորհրդի անդամ նշանակվեցավ Մարգար էֆ․ Սասանյան, նախկին թաղական խորհրդի անդամներ Մանուկ և Գարեգին էֆենտիները, Միհրանիկ էֆ․ և Մելիտոս էֆ․»։

Այդ կարգադրությամբ Մարգար էֆենտիի կուսակցությունն էր, որ կհաղթանակեր, քանի որ հակառակ կուսակցութենեն միայն Գարեգին էֆենտին կար։