Ընկեր Սուսերյանց և պարոն Թորգոմ սրտմտությամբ կարդացին այս լուրը, մանավանդ ուսուցիչը հուսահատորեն գոչեց․
− Կործանեցա՜… հացես եղա։
Խեղճը իզուր օգնություն մը կսպասեր Սուսերյանցեն, այս ափսո՜ս, ոևէ հույս չէր ներշնչեր իրեն։
− Ինչ կուզես, որ ընենք։
− Պիտի ընդունի՞ք այս ապօրեն առժամյա խորհուրդը,− գոչեց Թորգոմ իր ընկերոջ։
− Պետք է պահանջել, որ օրինական ընտրությամբ սահմանադրական Թաղ. Խորհուրդ մը ընտրվի։
− Եվ եթե մեր պահանջքին գոհացում տա՞ն…
− Ընտրություն կկատարենք։
− Եվ դարձյալ մեծամասնությունը անոնք կշահին… վերջին քվեարկությունը ցույց տվավ, որ մենք փոքրամասնություն ենք, ե երբ երկրորդ անգամ քվեարկության ձեռնարկվի՝ վստահ եղիր, ալ ավելի քիչ քվե պիտի կրնանք ունենալ… լավագույն է թողուլ, որ այսպես ըլլա, գոնե մեր հակառակորդները չեն կրնար պարծենալ թե օրինավորապես հաղթեցին մեզի և մենք միշտ կրնանք առժամյա Թաղական Խորհրդի ընտրությունը քննադատել։
− Ուրեմն պայքարեն պիտի հրաժարի՞նք։
− Բնավ երբեք, ընդհակառակը, պիտի պատրաստվինք ապագա նոր պայքարին, պիտի աշխատինք մեր կուսակցությունը զորացնել, մեզի հող պատրաստել… ահագին գործ կա ընելիք, դուն անհոգ եղիր։
− Այո՛, բայց առժամյայի առաջին գործը պիտի ըլլա զիս վարժարանեն դուրս նետել։
− Դա ոչինչ…
− Ինչպե՞ս դա ոչինչ։
− Անհատական շահերը նկատի չեն առնվիր, երբ հասարակական շահեր կան մեջտեղ։
Ուսուցիչը հասկցավ, որ անօգուտ էր խոսակցությունը ավելի երկարել և հեռացավ Սուսերյանցի քովեն՝ տխուր տպավորության ներքև։
Ամբողջ գիշերը գրեթե անքուն անցուց։
Հիմա ճշմարտապես կզղջար այդ պայքարին մասնակցած ըլլալուն համար։
− Ինծի ի՞նչ, որ թաղական խնդիրներու մեջ մտա,− կմտածեր,−