Այս մտածումներով տոգորված էր, երբ փողոցը հանդիպեցավ Ռափիկ աղային, նախկին Թաղ. Խորհրդի անդամ։
− Բարև վարժապետ,− ըսավ այս վերջինը,− ո՞ւր այդպես։
− Կպտտիմ կոր,− պատասխանեց Թորգոմ։
− Վարչության որոշումին ի՞նչ ըսիր։
− Խնդիրը վերջացուցեր է, անկե աղեկը չի կա։
− Բայց ասիկա աղվոր հարված մըն է ձեզի համար։
− Մեզի ըսելով ի՞նչ կհասկնաս…
− Այսինքն ձեր կուսակցության… «Շանթ Ակումբ» է, ի՞նչ է…
− Ես անոնց հետ կապ չունիմ,− գոչեց ուսուցիչը։
− Թոհաֆ բան, դուն ի նոցանե չե՞ս…
− Չէ, եղբայր, ես հրաժարականս տված եմ։ Արդեն շատոնց միտքս դրած էի, բայց առիթի մը կսպասեի կոր․․․
− Ըսել է հիմա «Շանթ Ակումբ»-են չե՞ս։
− Բնավ երբեք։
− Անանկ է նե՝ եկո՛ւր միասին երթանք…
− Ո՞ւր…
− Շնորհավորության։
− Չեմ հասկնար կոր, ինչ ըսել կուզես,− ըսավ ուսուցիչը։
− Ես Մարգաբ էֆ-ին կերթամ կոր իր պաշտոնը շնորհավորելու, եկուր քեզ միասին տանիմ։
− Եղբա՛յր, կըլլա՞…
− Ինչո՞ւ չէ, թոհաֆ բան, դուն ալ թաղեցի չե՞ս… մանավանդ որ դպրոցին ալ տեսուչն ես, պարտականությունդ է երթալ նոր թաղականները շնորհավորել… հիմա քու յուլարդ անոնց ձեռքն է։
Այս նմանությունը թեև շատ հաճո չթվեցավ պարոն Թորգոմին, այնուամենայնիվ զգաց, թե Ռափիկ աղա իրավունք ուներ։
− Բայց ես մինչև հիմա իբրև Մարգար էֆ-ի հակառակորդը ճանաչված եմ,− առարկեց։
− Ճանըմ, քանի որ «Շանթ Ակումբ»-են հրաժարեր ես, ըսել է որ ալ հակառակորդ չես, ասկե զատ Մարգար էֆ-ն անանկ մարդ չէ, մարդու դեմ ոխ չի պահեր… ներողամիտ մարդ է։ Քալե՛ երթանք։
Ուսուցիչը պահ մը վարանեցավ։ Ներքնապես թեև գոհ էր իրեն եղած այս աոաջարկութենեն, բայց մյուս կողմե հետևանքներեն