− Պարոն Թորգոմին տկար նկարագրին մի որոշ ապացույցն է,– մեջ մտավ Սուսերյանց,− իր այս առտըվան հրաժարականը «Շանթ Ակումբ»-ի անդամակցութենեն։
− Կներեք, պարոն,− բողոքեց ուսուցիչը,− ես շատոնց միտքս դրած էի քաշվիլ հանրային գործունեութենե, որովհետև համոզված եմ, որ ուսուցիչ մը պետք է միմիայն վարժարանով զբաղի։
− Այդ համոզումը երևի նոր ծնվեր է քո մեջ,– պատասխանեց Սուսերյանց հեգնաբար,− գոնե երեկ, մինչև ցերեկ մի այդպիսի համոզումի նշույլ չէր նշմարվեր քո վրա…
Սրահին դուռը բացվեցավ և ներս մտավ ոսկերիչ Սահակ աղան։
− Վա՜յ, Սահակ աղա, բարի եկաք,− գոչեցին մի քանի ձայներ։
− Բարի տեսանք,− պատասխանեց ոսկերիչը։
− Մարգար էֆ.-ն շնորհավորելո՞ւ եկար,− հարցուց Մանուկ աղա։
− Բնականաբար…
− Մենք ալ անոր համար եկած ենք…
Սահակ աղային գալուստը փրկեց ուսուցիչը իր նեղ կացութենեն։ Ամենքը իրենց ուշադրությունը նվիրեցին ոսկերիչին, որ վաճառականին մոտենալով ըսավ.
− Ւնշալլահ, Մարգար էֆ․ ձեր շնորհիվ թաղերնիս խաղաղության երես պիտի տեսնա, շիտակը, երեկ առտու, լրագրին մեջ Վարչության տված որոշումը կարդացի նե՝ շատ քեյֆս եկավ… էլ աշկ օլսուն ըսի, քեոբեկ օլտքլարնտան պերի պիր ավ թութտուլար…
− Շնորհակալ եմ, Սահակ աղա,− պատասխանեց վաճառականը։
Հետզհետե նոր հյուրեր կհասնեին։
Ուսուցիչը կսպասեր Սուսերյանցի մեկնելուն, որպեսզի միասին դուրս ելլե ու հետը բանակցություն մը ունենա։ Անոր ներկայությունը վաճառականին տան մեջ անբացատրելի կմնար իրեն և կուզեր այդ մասին լուսաբանություն պահանջել։
− Ան ալ բնականաբար ինե բացատրություն պիտի պահանջե, բայց իմ պարագաս բոլորովին տարբեր է, ես Ակումբեն հրաժարած եմ, հետևաբար կրնամ առանց անպատեհության գալ հոս։
Ուրիշ բան մը կզարմացներ զինքը, այն է վաճառականին