Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/530

Այս էջը հաստատված է

Սուսերյանցի հանդեպ ցույց տված սիրալիր վարմունքը, մինչդեռ հակառակը իրեն հետ խստորեն խոսած էր։

− Եթե ես հանցավոր եմ թաղային ընտրության մեջ բռնած ընթացքիս համար,− կխորհեր,− Սուսերյանց ալ ավելի հանցավոր է, քանի որ ինքն է պարագլուխը։

Ուսուցչին միտքը այս մտածումներով տոգորված էր, երբ տեսավ, որ Սուսերյանց ոտքի կելլեր և դեպի Մարգար էֆ.-ին կուղղվեր հրաժեշտ առնելու համար, ինքն ալ անոր օրինակին հետևեցավ։

− Մարգար էֆենտի, ինձ կթույլատրե՞ք գնալ…

− Չէ՛, ընկեր Սուսերյանց,− ըսավ վաճառականը,− ո՞ւր պիտի երթաս․․․ նստե, կերակուրը միասին պիտի ուտենք։

− Շատ շնորհակալ եմ, բայց․․․

− Նստե կըսեմ կոր, խոսելիք ունիմ քեզի։

− Շատ լավ ուրեմն,− ըոավ Սուսերյանց, իր տեղը վերադառնալով։

Ուսուցիչը ինքն ալ մոտեցած էր վաճառականին և կհուսար նույն պատվին արժանանալու։

− Մարգար էֆ., ամենախորին հարգանքներս կմատուցանեմ տիկնոջ,− ըսավ։

− Երթաս բարև, մյուսյու,− պատասխանեց վաճառականը։

Ուսուցիչը ընկճված, ջախջախված դուրս ելավ, պահ մը քայլամոլոր թափառեցավ փողոցին մեջ, առանց ընելիքը գիտնալու։

− Երթամ,− մտածեց,− դիմակազերծ ընեմ Սուսերյանցը իր ընկերներուն։

Երեք երիտասարդներ, Սեդրակ, Ատոմ, Արշակ նստած էին ընթերցման սրահը ու թերթերը աչքե կանցնեին։ Ուսուցիչը բարևեց զանոնք։

− Ի՞նչ կա, ի՞նչ չկա,− հարցուց։

− Օրվան մեծ եղելությունը կա,− ըսավ Ատոմ խնդալով։

− Ի՞նչ եղելություն…

− Զարմանայի բան, չես գիտեր… մանավանդ դուն ես հերոսն ալ։

− Չեմ հասկնար, թե ինչ ըսել կուզեք,− պատասխանեց ուսուցիչը նեղացած դեմքով մը։

− Օրվան մեծ եղելությունը, որ ամբողջ թաղը դղրդեց,− շարունակեց