Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/533

Այս էջը հաստատված է

առժամյա Թաղ. Խորհուրդը լրջորեն ձեռնարկե կուլտուրական բարենորոգումներուն և Ազգային Վարժարանը հասցնե փափաքելի բարձրության մը, կարող ուսուցչախումբի մը կազմությամբ»։

«Շանթ Ակումբ»ին այն որոշմնագիրը, նախագահին, ատենապետին և ատենադպիրին ստորագրություններով վավերացված, խոր տպավորություն մը գործեց պրն․ Թորգոմին վրա։

Անակնկալ մըն էր, որուն չէր սպասեր բնավ։ Իր հուզումը կրցածին չափ զսպեց և քանի մը վայրկյան ևս մնալե հետո իր նախկին ընկերներու քով, մնաք բարով ըսավ և մեկնեցավ։

Մեծ պետք մը կզգար առանձին մնալու և ինքնիրեն խորհրդածելու համար։

Անգամ մը որ փողոց ելավ՝ անձնատուր եղավ իր մտածումներուն։

− Վա՛՛յ, շունշանորդի,− խորհեցավ,− այսպես մեկեն ի մեկ ուղղությունը կփոխեն ու փոխանակ Մարգար էֆ.-ի դեմ պայքարը շարունակելու՝ անոր կողմը կհակին․․․ ըսելիք չկա, շատ վարպետությամբ գործ տեսած են, միայն այս ամենքը իմ գլխուս փորձանք բերավ։ Եթե գիտնայի, որ այսպիսի որոշմնագիր պիտի արվի՝ ես կմնայի Ակումբին մեջ, փոխանակ հրաժարելու…

Այս մտածումը ամենեն ավելի կտառապեցներ, զինքը։

Ճիշտ այն միջոցին, ուր օգուտ պիտի քաղեի «Շանթ Ակումբ»-ի անդամակցութենեն՝ ձգեցի հեռացա, կմտածեր։

Տրտում տխուր իր տունը գնաց, ուր բավական ժամանակ անցուց մտատանջության մեջ։ Ի վերջո որոշե՛ց երթալ տեղեկանալ, թե ի՞նչ անցած դարձած էր Մարգար էֆ-ի տան մեջ, իր մեկնումեն ետքը։

Այս մասին իրեն որոշ տեղեկություններ կրնար տալ Ռափիկ աղան, որ առտուն այնքան բարյացակամ վերաբերմունք մը ունեցած էր իրեն հանդեպ։

Նախկին Թաղական Խորհրդի անդամը սիրալիր կերպով ընդունեց զինքը։

− Եկուր նայինք, մյուսյու Թորգոմ, ինչո՞ւ առտուն անանկ ձգեցիր փախար Մարգար էֆենտիի տունեն։

− Փախչելու բան չկար,− պատասխանեց ուսուցիչը,−միայն թե դուն ալ տեսար, որ ինչ պաղ ընդունելություն ըրավ ինծի։

− Ճանըմ, կենայիր նե՝ գործը անուշ տեղը կկապեինք։

− Ի՞նչ ընեի, Սուսերյանցի հետ ոտքի ելանք մեկնելու համար․․․