Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/535

Այս էջը հաստատված է

− Սո՛ւտ է, սխա՛լ է,− գոչեց ուսուցիչը բորբոքված,− հրաժարականս տված ատենս տեղեկություն չունեի Ակումբին տրված որոշումեն… այսօր միայն իմացա։

− Ես ալ գիտեմ ատանկ ըլլալը, բայց ի՞նչ ընենք, չգիտցողը ատանկ կկարծե… երևույթները քեզի դեմ են։

− Բայց ո՞վ ըսավ ատիկա․․․

− Իրավ որ չեմ գիտեր, Մելիտոս էֆ.-ն էր, ով էր, ճաշին վրա խոսք բացվեցավ տե՝ մեկը անանկ ըսավ մյուսներն ալ իրավունք տվին։

− Գոնե մեկը չգտնվեցա՞վ, որ զիս պաշտպաներ,− հարցուց ուսուցիչը։

− Նորեն ես էի, որ պաշտպանեցի, մեր մյուսյու Թորգոմը աղեկ տղա է, ըսի, քիչ մը միամիտ է, ուրիշին խելքով կկառավարվի, բայց սիրտը մաքուր է՝ ըսի… դժբախտաբար քու թշնամիդ միայն Մարգար էֆ.-ն չէ… անիկա վեհանձն մարդ է, ներողամիտ է, անոր խոսք կրնանք հասկցնել, բայց…

− Ուրիշ ո՞վ կա որ ինծի թշնամի…

− Քու էն մեծ թշնամիդ տիկ. Սաթենն է,− ըսավ Ռափիկ աղա, ձայնը ցածցնելով, իբր թե վաճառականին կինը իրենց սենյակը գտնվեր այդ միջոցին։

− Տիկին Սաթենը ի՞նչ ունի ինծի դեմ,− հարցուց ուսուցիչը զարմացած դեմքով մը։

− Չե՞ս գիտեր և ինծի՞ կհարցնես կոր,− ըսավ Ռափիկ աղա հեգնական ժպիտով մը։

− Իրավ, որ չեմ հիշեր թե…

− Զարմանալի բան, դուն չէիր, որ հոս ու հոն կարգ մը խոսքեր կընեիր անոր համար… պատիվի դիպչելիք բաներ…

− Բայց ես ի՞նչ հանցանք ունիմ, Պողոս էֆենտիին տունը լսեցի այդ ըսածները և ես ալ դուրսը կրկնեցի…

− Աղեկ, ամմա հիմա Պողոս էֆենտին քաշվեցավ, գործին մեջեն ելավ, դուն մնացիր մեջտեղը։ Ինչո՞ւդ պետք քեզի չվերաբերած բաներուն մեջ քիթդ կխոթես․․․ ես ան ատենն ալ քեզի ըսի, բայց մտիկ չըրիր։

− Տիկին Սաթենը մասնավորապես բան մը ըսա՞վ ինծի համար։

− Ըսավ, հապա…

− Ի՞նչ ըսավ,– հարցուց Թորգոմ հուզված շեշտով մը։