Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/536

Այս էջը հաստատված է

− «Էն առաջ ան մարդը դպրոցեն դուրս նետելու է», և զարմանալին այն է, որ քու բարեկամդ պարոն Սուսերյանցը ոչ թե միայն քեզ չպաշտպանեց, այլ նույնիսկ տիկին Սաթենին գրեթե իրավունք տվավ։

− Իրավո՞ւնք տվավ մի,− գոչեց ուսուցիչը դողահար ձայնով մը։

− Այսինքն ըսավ, որ նկարագրե դուրս մարդ մըն ես․․․

− Վա՜յ թշվառական․․․

− Ինչ որ է, հիմա ատոր համար խնդիր մի՛ հաներ․․․

− Բայց ի՞նչ խորհուրդ կուտաս ինծի,− գոչեց Թորգոմ,– ի՞նչ ընթացք բռնելու եմ այսչափ թշնամիներուս մեջ։

− Քեզի բան մը ըսե՞մ խոհեմությունը ձեռքե մի թողուր, համբերե՛, խելոք կեցի՛ր, տեսնանք ի՞նչ կըլլա։

− Բայց դիտել տվավ ուսուցիչը,− Մարգար էֆենտի այնչափ շատ տրամադիր չէր արդեն իրեն առաջարկված պաշտոնը ընդունելու։

− Տղա՞ ես, ի՞նչ ես դուն, անոր խոսքերուն կհավատա՞ս, ան դիտմամբ անանկ բաներ կըսեր… «չեմ ուզեր գրպանս դիր»-ի դրությունն է ատիկա։

− Վստա՞հ ես, որ թաղականին պաշտոնը պիտի ընդունի։

− Ընդունեց լմնցավ,− պատասխանեց Ռափիկ աղա,− արդեն ինք մերժելու ալ ըլլա, կինը թող չտար։

Ուսուցիչը քիչ մըն ալ նստելեն ետքը մեկնեցավ Ռափիկ աղային տունեն՝ ընկճված վիճակի մեջ։

ԺԷ

Մեր վերի պատմած դեպքերուն վրայեն երկու շաբաթնել անցած էին։ Ս. Պատրիարքը պաշտոնագրով մը հրավիրած էր Առժամյա Թաղ. Խորհուրդը, որ իսկույն պաշտոնի ձեռնարկի, իր «ազգասիրական պարտականությունը» կատարելու համար։

Նոր թաղականները իրենց առաջին գումարումը ըրած էին վաճառականին տան մեջ և դիվանը կազմած։

Միաձայնությամբ ատենապետ ընտրված էր Մարգար էֆ․-ն, իսկ ատենադպիր՝ պարոն Գարեգինը։ Տոսախյան Միհրանիկ էֆենտիին հանձնված էր գանձապետի պաշտոնը։

Առժամյա Թաղ․ Խորհուրդը այսպես կազմվելե ետքը, կիրակի