Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/540

Այս էջը հաստատված է

Երբ բակեն կանցներ, հանկարծ կանգ առավ ու արձանացած մնաց։

Տիկին Սաթենը ներս կմտներ տիկին Նվարդի ընկերակցությամբ…

Աթոռի միջադեպեն ի վեր Մարգար էֆենտիի կինը ոտքը եկեղեցի չէր դրած, հիմա վճռական հաղթութենե ետքը կուգար աշխարհակալի մը պես։

Ժամկոչը սահմռկած կդիտեր Մարգար էֆենտիի կինը, շվարած ու չփոթված, առանց ընելիքը գիտնալու, կզգար, որ այդ կնոջ ձեռքն էր իր ճակատագիրը, թե անոր մեկ բառը բավական էր զինքը իր պաշտոնին մեջ պահելու համար, և սակայն այդ բառը արտասանել տալու միջոցը չէր կրնար գտնել։

Մտածեց հոն բակը Սաթենի ոտքերուն նետվիլ, և ներում հայցել, բայց այդ համարձակությունը պակսեցավ իրեն։

Արդեն երկու կիները անցած էին և պահարանի կողմը կդիմեին։

Վարդան մեկեն վազեց բանկալը, երկու աթոռ հափշտակեց, ու վազն ի վազ գնաց դեպի պահարանը։

Հաջողեցավ հասնիլ երկու կիներու ետևեն, ճիշտ այն միջցին, ուր անոնք պահարանի դռնեն դեպի դուրս կուղղվեին։

− Ճամփա բացե՛ք, մեկ կողմ քաշվեցե՛ք,− պոռաց Վարդան հոն խմբված կիներուն,− չե՞ք տեսնար ով կուգա կոր…

Կիները այդ ձայնին ազդեցութենեն մեքենաբար մեկ կողմ քաշվեցան՝ ճամփա բանալով։

Տիկին Սաթեն և տիկին Նվարդ կոկոզավիզ անցան հպարտ և ժպտուն։

− Նոր թաղականներուն ընտանիքներն են,− կփսփսային մյուս կիները իրարու։

Ժամկոչը ճիշտ խորանին դեմը, լավագույն տեղը զետեղեց աթոռները և հարգալից կերպարանքով մը կեցավ։

Տիկին Սաթեն աթոռի վրա բազմելե առաջ ետին դարձավ և ցած ու չոր ձայնով մը ըսավ Վարդանին.

− Հիմա խելքդ գլուխդ եկա՞վ…

Ժամկոչը անհասկանալի բաներ մը մրմնջաց ու ետ−ետ երթալով հեռացավ։

Խորհրդարանին մեջ նոր թաղականները թաղին «երևելի»-ներուն