− Կերևա որ մյուսյուն քյուլահ մը խափմիշ ընել կուզե կոր, և ասոր համար վարժարանին խնդիրը մեջտեղ նետեց,− դիտել տվավ ոսկերիչ Սահակ աղա։
− Թաղերնիս հազիվ քիչ մը հանդարտեցավ, նորեն իրա՞ր անցնելու կաշխատիք կոր,− ըսավ Մանուկ աղա։
− Եղբայր, մեր միտքը սխալ հասկցվեցավ,− բողոքեց Կայծունի։
− Մենք ձեր միտքը շատ աղեկ կհասկնանք,− պատասխանեց Մելիտոս էֆենտի՝ նշանակալից կերպով գլուխը շարժելով։
Ընկեր Կայծունի ոտքի ելավ։
− Առայժմ անօգուտ է խոսիլ,− ըսավ,− ապագան պիտի պարզե ամեն բան, և այն ատեն պիտի համոզվիր, թե որքան իրավունք ունիմ եղեր…
Ու բարևելով դուրս եկավ։
Շնորհավորական այցելությունները կշարունակվեին և թաղականները նույն օրը չկրցան բնավ գործով զբաղելու։
Ժամերգությունը ավարտելե հետո, վաճառականը Միհրանիկ էֆենտիին հետ բակը ելավ, իրենց կիներուն սպասելու համար։
Բակին մեջն ալ շնորհավորություններ կըլլային ծանոթ և անծանոթ թաղեցիներու կողմե, որոնց ամենուն ալ վաճառականը կպատասխաներ ժպտուն դեմքով մը։
Տիկին Սաթեն երևցավ, միշտ տիկին Նվարդին ընկերակցությամբ։
− Գործերնիդ լմնցուցի՞ք,− հարցուց Սաթեն իր ամուսնույն մոտենալով։
− Այսօր գործ չտեսանք որ,− պատասխանեց Մարգար էֆենտի։
− Ինչո՞ւ համար․․․
− Մինչև ետքը հյուր ընդունեցինք, բոլոր թաղեցիները եկան շնորհավորելու․․․ մտքես չէր անցեր, որ այսչափ ժողովրդականություն ունիմ եղեր։ Եկեղեցին շատ բազմություն կա՞ր։
− Լեփլեցուն էր։
− Չնեղվեցա՞ք ա։
− Չէ՛, մեզի աղեկ տեղ մը տվին…
− Տեսա՞ր թաղականության օգուտները քաղել սկսաք,− ըսավ Միհրանիկ էֆ. խնդալով։