Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/544

Այս էջը հաստատված է

− Սա եկեղեցիին խսիրը փոխել տալու է, պատառ բզիկ եղեր է…

− Պիտի ընենք, տիկի՛ն, պիտի ընենք, շատ բաներ ընելու միտք ունինք։

− Մեյ մըն ալ քովի պզտիկ խորանին վարագույրը շատ հին երևցավ աչքիս։

− Ան ալ ինշալլահ կնորոգենք։

− Տիկին Նվարդին հետ որոշեցինք, որ մենք մեր քովեն նոր վարագույր մը շինել տանք։

− Շատ աղեկ կըլլա։

Այս խոսակցությունը, որ բարձրաձայն տեղի կունենար, կլսվեր բակը կեցող թաղեցիներու կողմե։

− Թաղական եղողը քիչ մըն ալ գրպանեն ծախսելու է,− պոռաց Մարգար էֆ,− անանկ «ես թաղական եմ», ըսել հրամայելը՝ փարա չըներ…

Նույն միջոցին ավագերեցն ալ մոտեցավ խումբին։

− Ողջույն, Մարգար էֆենտի, ըսավ, ձեզ եկեղեցին չտեսա, կերևա որ զբաղած էիք։ Աստված կարողություն շնորհեսցե․․․ ձեր վսեմության։

− Շնորհակալ եմ։

− Շիտակը մեծ երջանկություն զգացի, երբ իմացա, որ դուք անցեր եք Թաղ. Խորհրդին գլուխը և աստված ձեզի պես անձերը անպակաս արասցե։

− Շնորհակալ եմ, Տեր Հայր։

− Աստված հաջողություն և առողջություն պարգևեսցե։

− Ամենուս ալ։

-Մեր խոսքը չըլլար, Մարգար էֆ., մենք եղեր ենք, չենք եղեր, կարևորություն չունի, ձեզի պես անձնավորություններով է, որ ազգերնիս կշեննա, փառք ու պատիվ կստանա…

− Քավ լիցի, Տեր Հայր։

− Երթա՛նք,– ըսավ տիկին Սաթեն, տեսնելով որ ավագերեցին մաղթանքները վերջ չունին։

Բայց այս վերջինը թողեց Մարգար էֆենտին և տիկինին կառչեցավ։

− Շատ սիրտս հատավ, որ անհանգիստ եղաք եկեցեցիին մեջ,− ըսավ։

− Չէ՛, հանգիստ էինք։