Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/56

Այս էջը հաստատված է

- Բայց, զավակս, քանի որ հիմա կարելի է միտքդ փոխելու կըլլաս, պետք չէ որ ատանկ մոտիկության ցույց տաս անոնց:

- Չէ, մայրիկ,- պատասխանեց Լևոն վճռաբար,– երկար բարակ խորհեցա, ես օրիորդ Կելկիթյանը պիտի առնեմ, ամենեն հարմարն է ինծի համար, գալով դրամօժիտին՝ ես վստահ եմ, որ եթե քիչ մը պնդեմ, հայրը կհավանի ավելի տալու, այսօր ես շատ թույլ խոսեցա և անոր համար ինքն ալ երեք հազար ոսկի առաջարկեց, բայց դուն պիտի տեսնաս, որ անոր կրկինն ալ պիտի տա:

- Կերևա որ աղջիկը խելքդ դարձուցեր է,- ըսավ Անթառամ, դժգոհությամբ մը, որ չկրցավ ծածկել։

Լևոն չպատասխանեց։

ԳԼՈՒԽ Զ

Այդ կիրակի առտուն, երբ Ղուկաս էֆենտի՝ մուշտակապատ հաստ բալթոյի մը մեջ ծվարած վեր ելավ Աղքատախնամի գրասենյակը առաջնորդող սանդուխեն, վարի բակը, սանդուխին վրա ու վերը՝ նպաստընկալերու ահագին բազմություն մը խռնված էր։

Դեկտեմբերի 28-ն էր և Կաղանդի ու Ծնունդի տոներուն առթիվ բացառիկ նվիրատվություններ պիտի ըլլային թաղին աղքատներուն: Աղքատախնամի օժանդակ Տիկիններու Խնամակալությունը խանութներ և մասնավորներե շատ մը հագուստ և ճերմակեղեն ա բրդեղեն հավաքած էր, որոնք նույն օրը պիտի բաշխվեին աղքատներուն, բացի ասկե, մեկ քանի բարեսեր հարուստներ իրենց մեջ հանգանակություն մը կատարելով այդ գումարը հանձնած էին Աղքատախնամին, որպեսզի կարոտյալներու ածուխ տրվի։

Այսպես, բացի արձանագրված նպաստընկալներե, նույն օրը հոն խռնված էին նաև առավել կամ նվազ վավերական աղքատներ, դիպվածական կարոտյալներ, առիթեն օգտվող կեղծ չքավորներ։

Երկու օրե ի վեր անընդհատ ձյուն տեղացած էր ու կշարունակեր նույն օրն ալ առտըվնե ի վեր, խոշոր-խոշոր թափթըփիլ, և ասիկա բարեպատեհ նախախնամական շնորհ մը համարված էր հոն դիմող թշվառներուն համար, որոնք կենթադրեին, որ եղանակին անողոք խստությունը պատճառ պիտի ըլլար Աղքատախնամի անդամներուն սիրտը կակղեցնելու և իրենց ընդունելիք նպաստին քանակը ավելցնելու։

Շատերը դիտմամբ՝ առանց շալի, առանց վերարկուի, գլխաբաց