Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/561

Այս էջը հաստատված է

− Կհասկնամ,− պատասխանեց վաճառականը, որ կսկսեր շահագրգռվիլ փաստաբանին խոսքերեն։

− Քանի որ կհասկնաս՝ ուրեմն համաձայնեցանք։

− Բայց մի՛ աճապարեր,− գոչեց վաճառականը խնդալով։

− Ընդհակառակը, պետք է շուտով գործ տեսնենք և պարապ ժամանակ չանցունենք։

− Քանի որ այդքան մեծ ազդեցություն ունիս Վարչության մեջ, ալ ի՞նչ պետք կա աջակցությանս…

− Այո՛, Վարչության մեջ ազդեցությունս մեծ է, արդարև կրնամ պաշտոնակիցներս ուզած ուղղությամբս վարել, բայց ատով գործ չմննար։ Վարչության սեղանին վրա հիմա Ք. թաղի խնդիր մը չկա։ Պետք է նախ խնդիրը ստեղծել, և ասոր համար ահա պետք ունիմ քու աջակցությանդ։

− Ի՞նչ կերպով, բացատրե տեսնենք։

− Բայց նախ կուզեմ գիտնալ, թե զուր տեղը կոկորդս չպիտի մաշեցնեմ։

− Եթե ձեռքես բան մը գա, չեմ մերժեր։

− Ուրեմն այս անգամ համաձայնեցանք,− գոչեց փաստաբանը ուրախությամբ։

− Ենթադրենք, որ համաձայնեցանք,− պատասխանեց Պողոս էֆենտի։

− Ենթադրությամբ գործ չի տեսնվիր։

− Կուզե՞ս որ իրարու հետ պայմանագրվինք Մարգար էֆ․-ն տապալելու համար։

− Պայմանագրության պետք չկա, ես ձեր պատվավոր մարդու խոսքին կվստահիմ․․․կուզեմ, որ խոստանաս այս խնդրին մեջ ինձ աջակցիլ ամեն կարելի միջոցներով։

− Լավ, կխոստանամ,− պատասխանեց վաճառականը ճարահատ,− հիմա բացատրե տեսնենք, թե ի՞նչ ծառայություն կսպասես ինե։

− Ներկա Առժամյա Թաղ․ Խորհուրդը ապահովաբար թաղեցիներուն համակրանքը չվայելեր։

− Ես ալ այնպես կկարծեմ։

− Ես այդ մասին վստահ եմ։ Եթե Թաղ․ Խորհուրդը հինգ սուրբերե ալ կազմված ըլլա՝ դարձյալ իր հակառակորդները պիտի ունենար։

− Շաա ճիշտ է։