− Արդ, քու գործդ պիտի ըլլա հակառակորդները գտնել, ժողվել, քով քովի բերել, անոնց մարմին ու կյանք տալ և թաղին մեջ շարժում մը ստեղծել, որուն հետևանքը կըլլա գրավոր բողոք մը Վարչության ուղղված։ Մեյ մը որ խնդիրը հոն գա, դուն ալ գործը ինծի ձգե և ապահով եղիր հաջողության մասին։ Կտեսնես, որ քենե անկարելի ծառայություն չեմ պահանջեր, ոչ ալ նույնիսկ դժվար գործ մը։ Քիչ մը թերևս նյութական զոհողություն պետք ըլլա, այդ ալ անշուշտ չպիտի մերժես։
− Ատիկա դյուրին է, միայն թե…
− Ի՞նչ ուրեմն:
− Ես չեմ ուզեր բացե ի բաց այդ գործով զբաղիլ:
− Ծածկաբար գործե՛, էֆենտիմ։ Վստահելի մեկը գտիր թաղին մեջ, անոր հանձնե գործը վարել, և դուն գաղտնաբար հսկե: Բնական է, որ քեզի հավատարիմ կուսակիցներ ունիս, Թաղ. խորհուրդի նախկին պաշտոնակից և այլն, վերջապես կրնաս մեկը գտնել։
− Հարկավ, կուսակիցներ ունիմ,— գոչեց Պողոս էֆ. հպարտությամբ։
− Այն ատեն գործը շատ կդյուրանա։ Միայն թե ժամանակ մի կորսնցներ… քանի մը ամիսեն մեր պաշտոնավարության շրջանը կավարտի և ալ անկե ետքը բան մը չեմ կրնար ընել, մանավանդ որ Վարչության անդամները վերընտրելի չեն։
− Լավ, լավ, անմիջապես գործի կսկսինք։
− Ես ութը տասը օրեն մեյ մը կուգամ տեղեկություն առնելու համար։
− Հրամմեցե՛ք։
Փաստաբանը շարժում մը ըրավ, ոտքի ելլելու, վաճառականը կեցուց զայն։
− Ուրիշ բան մըն ալ կա,− ըսավ վարանոտ շեշտով մը։
− Ի՞նչ բան։
− Մարգար էֆենտիին դեմ գործածելիք զենք մը։
− Ի՞նչ տեսակ զենք է։
− Գայթակղական բան մը…
− Գայթակղական արա՞րք մը, որուն մասնակից է Մարգար էֆենտին,− գոչեց Սափորյան, որուն աչքերը շողալ սկսան։
− Այսինքն իր կնոջ արարքը, կամ արարքները…