Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/571

Այս էջը հաստատված է

− Տե՜ֆ ըրե մեյ մը սա բողոքագիր բառը,− գոչեց վաճառականը անհամբեր,− բողոքագիրը ինչ է, տղա՞ ես դուն․․․ շնորհքով մարդու պես գործ տեսիր․․․ անիրավ վճիռ մը տրված է քեզի դեմ, անոր համար իրավունքդ պահանջե։ Նույնիսկ քեզի ուրիշ խորհուրդ մը տամ, դուն քու ստորագրությամբդ մի գրեր, այլ թաղեցիներուն ստորագրել տուր։

− Ի՞նչ բան, էֆե՛նտի։

− Ճանըմ, թաղական Խորհուրդի եմ հանրագրությունը։

− Բայց հանրագրության խնդիր չկա,− գոչեց ուսուցիչը։

− Ընդհակառակը, ամբողջ խնդիրը այդ է,− պատասխանեց վաճառականը։− Ուսում. Խորհրդին դիմելով բնավ բան մը չես շահիր, գործը տարիներով կձգձգվի․․․ տես, Գատը֊Գյուղի ուսուցիչներուն խնդիրը մեջտեղն է։ Ուղղակի Վարչության դիմելու և կարգադրություն պահանջելու է։ Տես լրագրին մեջ ինչ են ըրեր, պատիվդ մեկ փարայի եղած է։ Ւը անկարողության համար ճամփված է, կըսե կոր, ալ ասկե ետքը ո՞ր դպրոցին մեջ քեզի պաշտոն կուտան։

− Արդեն այդ «Հանրային Կարծիք»-ին դեմ դատ պիտի բանամ։

− Այդ ալ պարապ բան։ Մինչև որ ասդիի կողմե խնդիրդ չկարգադրես, ի՞նչ օգուտ ունի դատ բանալդ։

− Բնական է, որ Ուսում. Խորհրդեն գոհացում ստանալես ետքը դատ պիտի բանամ։

− Այն ատեն առնվազն տասը տարի պետք է որ սպասես։ Հիմա պարապ խոսքերով ժամանակ չանցնենք, քեզի լուր ղրկեցի և հոս բերել տվի՝ ինչո՞ւ համար, գիտե՞ս։

− Չէ՞, Պողոս էֆենտի, և կսպասեմ, որ հաճիք բացատրել ձեր հրավերին շարժառիթը։

− Լավ ուրեմն, պարզապես քու օգուտիդ համար է։

− Շատ շնորհակալ եմ։

− Կուզեմ քեզի դեմ գործված անլուր անիրավութենեն քեզ փրկել, այսինքն քու պաշտպանությունդ ստանձնել։

− Շատ երախտապարտ եմ։

− Ասոր համար եթե պետք ըլլա, ձեռքես եկած զոհողությունները պիտի ընեմ։ Սա ևս ըսեմ, որ Վարչությունը ձեռքիս մեջն է, ուզածս ընել կարող եմ։

− Այն ատեն խնդիրը շատ կդյուրանա։