Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/574

Այս էջը հաստատված է

վարչությունդ անմիջական տնօրինությունով մը չփութա մտքերը խաղաղեցնել, ապահով կրնա ըլլալ, թե մոտավոր ապագայի մը մեջ Ք. թաղը նորանոր խռովություններու պիտի մատնվի, որոնց հետևանքը չենք գիտեր թե ուր կրնա հասնիլ։

«Մեր թաղին կացության այս խիստ մեղմացուցիչ վիճակը ներկայացնելով Պատ. Ժողովիդ խորին ուշադրության, կխնդրենք, որ հաճիք պարտ ու պատշաճը տնօրինել, անմիջապես, առանց ժամանակ տալու, որ Առժամյա Թաղ. Խորհուրդը և ատենապետը նորանոր ու անդարմանելի սխալներ գործեն իրենց կործանարար ընթացքովը, և ճշմարիտ աղետք մը դառնան թաղիս մեջ»։

Սափորյան էֆենտի գրությունը վերջացնելով կարդաց զայն վաճառականին։

− Շատ մեղմ գացեր ես,– դիտել տվավ այս վերջինը։

− Հե՞,− գոչեց փաստաբանը,− դեռ ի՞նչ կարելի էր գրել։

− Կրնայիր Առժամյա Թաղային Խորհուրդին պաշտոնե դադարեցուցվիլը պահանջել։

− Ատիկա կարելի չէ, անօգուտ պոռոտախոսություն մը կըլլա… այս հանրագրությունը բավ է մեր նպատակին հասնելու համար։ Թող այս գրությունը Վարչության սեղանին վրա գա, ատիկա բավական է։

− Ի՞նչ կերպով,− հարցուց Պողոս էֆ.։

− Էֆենտիմ, այս բողոքը մատերնիս փաթթելով, Մարգար էֆենտին ու ատենապետը ժողովի կհրավիրենք, որպեսզի բացատրություն տան, և հոն այնպիսի լեզու մը գործածենք, որ իրենց արժանապատվությունը վիրավորվի, առնեն քալեն և հետևյալ օրը հրաժարական տան։

− Իրավունք ունիս,− գոչեց Պողոս էֆենտի…− ուրիշ բան մըն ալ կրնանք ընել։

− Ի՞նչ բան։

− Հանրագրության պատճենը հրատարակել տանք թերթի մը մեջ։

− Այդ ալ գեշ գաղափար չէ, միայն թե ստորագրվելե ու Վարչության մատուցվելե ետքը ընելու է։

− Բնականաբար։ Միայն թե դուն վստա՞հ ես քու պաշտոնակիցներուդ վրա… պիտի կրնա՞ս ամենքն ալ ձեռքիդ մեջ առնել։

− Եթե ոչ ամենքը, գոնե մեծամասնությունը և ատիկա բավական է արդեն։