Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/575

Այս էջը հաստատված է

Փաստաբանը մեկնեցավ և Պողոս էֆենտի հանրագրությունը խոշոր թուղթի մը վրա մաքուրի քաշել տվավ իր գրագիրին։

Հետևյալ առտու ուսուցիչը եկավ։

− Պատրա՞ստ է,− հարցուց, ներս մտնել ու բարևելե ետքը։

− Ահավասիկ, նստե՛, ու անգամ մը կարդա,− ըսավ վաճառականը դարակը բանալով, ու պըլլված թուղթ մը երկարելով ուսուցչին։

Պարոն Թորգոմ երկյուղածությամբ առավ թուղթը, բացավ, և սկսավ կարդալ։ Քանի ընթերցումը առաջ կտաներ դեմքը ուրախութենեն կշողշողար, երբ ավարտեց, խանդավառված էր։

– Սքանչելի՜, հիանալի՜, հրաշալի՜ է,– գոչեց,− ասկե ավելի գեղեցիկ կերպով կարելի չէր խնդիրը պարզել, հոյակապ կերպով գրված է…

Ինչ որ ամենեն ավելի կխանդավառեր ուսուցիչը, այս գրության մեջ իր մասին եղած գնահատությունն էր։

− Բայց ո՞վ գրեց ատիկա,− հարցուց շլացած,− խնդրին մոտեն տեղյակ, կացությունը ուսումնասիրած մեկը ըլլալու է, միանգամայն շատ խելացի ու գրիչ շարժել գիտցող մեկը… սովորական գրություն մը չէ այս։

− Եթե խոստանաս բացարձակապես գաղտնի պահել, կըսեմ թե ով է գրած։

− Պատվույս վրա կերդնում։

− Լավ ուրեմն, Վարչության մեկ անդամը գրեց այս հանրագրությունը…

− Վարչության մեկ անդա՞մը,− գոչեց ուսուցիչը շլմորած։

− Այո՛, որ միանգամայն փաստաբան է և որուն ձեռքին մեջ կգտնվի Քաղաքական ժողովի մեծամասնությունը։ Սափորյան էֆենտին գրեց։ Բայց պետք չէ որ մարդ իմանա։

Ուսուցիչը կատարյալ գաղտնապահություն խոստացավ։

− Հիմա այս հանրագրությունը կառնես ու անմիջապես ստորագրել կսկսիս։

− Ատիկա դյուրին է… քանի՞ ստորագրություն բավական է,− հարցուց Թորգոմ։

− Որչափ շատ ըլլա, այնչափ աղեկ է,− պատասխանեց Պողոս էֆենտի,− բայց առնվազն 50-60 հատ մը ըլլալու է… լավագույն կըլլա, որ աշակերտներու ծնողքները ստորագրեն։