Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/577

Այս էջը հաստատված է

էր և եկեղեցիին պատկանող խանութի մը վարձակալը։ Երեք զավակներու հայր էր և երեքն ալ վարժարան կերթային։ Պարոն Թորգոմ հաճախ ճաշի կերթար այդ տունը և իբրև մտերիմ բարեկամ կընդունվեր։

− Ամենեն առաջ Մարտիկ աղային ստորագրել տամ,− խորհեցավ,− գեղին սիրված ու պատվավոր անձերեն է ու իր ստորագրությունը ուրիշներուն վրա ալ ազդեցություն կընե։

Եվ դեպի կերպասավաճառի տունը ուղղվեցավ։

Դուռը տան աղջիկը բացավ։

− Զապել, հայրիկդ հո՞ս է,− հարցուց Թորգոմ։

− Այո՛, էֆենտի, հրամմեցեք,՝− պատասխանեց աղջիկը շիկնելով,− վերն է։

Մարտիկ աղա, ընտանիքի պատվական հայր մըն էր։ Խանութը գոցելուն պես, առանց սրճարան կամ գինետուն հանդիպելու, ուղղակի տուն կուգար, կհանվեր, գիշերազգեստը կհագներ, ձեռքով կշտկեր օղիի ափսեն, և իր կինը կամ բարեկամ մը իր դեմը առնելով՝ մեկ քանի հատ կճնկեր սիկարեթ ծխելով։ Օրվան խոնջենքին դեմ իր դարմանն էր այս, ու միանգամայն հաճույքը։

Երբ ուսուցիչը վեր ելլելով սենյակ մտավ, արդարև Մարտիկ աղան գտավ օղիի ափսեին քովը, և իր կնոջ՝ Հոռոփիկ հանըմի և դրացի ոսկերիչ Հաջի Ակոբճանի հետ։

− Բարեբախտություն մըն է այս,− մտածեց Թորգոմ,− Ակոբճանն ալ բարեկամ է, անոր ստորագրել կուտանք։

Իր մուտքը ուրախությամբ ողջունվեցավ։

− Վա՜յ, մյուսյու Թորգոմ, բարի եկաք,− գոչեց Մարտիկ աղա, ոտքի ելլելով ու բազմոցին վրա տեղ բանալով,− աս ո՞ւր մնացիր քանի օր է. շաբաթ մըն է երեսդ տեսած չունինք։

Հոռոփիկ և Հակոբիկ նույնպես սիրալիր ընդունելություն մը ըրին։

Ուսուցիչը բացատրեց, թե այս օրերս չափազանց զբաղած էր և անոր համար չէր կրցած այցելել իրենց։

− Հատ մը կխմես հարկավ,− ըսավ Մարտիկ աղա, գավաթը լցնելով։

− Շնորհակալությամբ,− պատասխանեց ուսուցիչը։

Րոպե մը լռություն տիրելե ետքը Հոռոփիկ ըսավ.

− Աս բաներ մը լսեցինք նե, իրա՞վ, ճանը՛մ։

− Ի՞նչ բան, տիկին։