Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/58

Այս էջը հաստատված է

մը կնայեին այս երկուքին՝ որոնք աթոռի մը վրա նստած սպասելու բախտը կվայելեին։

Բայց դռնապանը էֆենտիին բալթոյին վրայի ձյունը թոթվելե և զայն մասունք մը կրողի պատկառանքով բերելե ետքը, խոսքը այրիին ու անկար ծերունիին ուղղելով գոչեց.

− Ելեք նայիմ։

Երկուքն ալ չհասկցան այդ հրամանին իմաստը և ապուշ զարմացումով մը Մարկոսին նայեցան։

− Ելեք կըսեմ կոր, չե՞ք հասկնար քեռ՞ր եք, էֆենտիին բալթոն չե՞ք տեսնար կոր…

Կինն ու անկարը ոտքի ելան և մեկ կողմ քաշվեցան, թեև տակավին չկրնալով ըմբռնել էֆենտիին բալթոյին և իրենց ոտքի ելլելուն միջև եղած առնչությունը։

Մարկոս թաշկինակով աթոռներուն վրայի փոշին թոթվելու ձև մը ըրավ, հետո զանոնք քով քովի բերավ և բալթոն զգուշությամթ անոնց վրա տարածեց։

Այրի կինը, իր երկու մանուկներով, պահ մը շվարած մնաց, չկրնալով կծկվելիք տեղ մը գտնիլ, հետո տեսնելով, որ անկյուն մը գետնին վրա պզտիկ տեղ մը կա, դեպի հոն ուղղվեցավ և երիտասարդ կնոջ մը ուղղելով խոսքը ըսավ.

− Քուրուկ, սանկ քիչ մը անդին երթայիր տե ես ալ սըտեղ սխմվեի ոտքերուս վրա կենալու կարողություն չունիմ։

Մյուսն ամենայն հաճոյականությամբ ջանաց գոհացնել խեղճ մայրը և վերջապես հաջողեցավ տեղ մը բանալ։

Այն սևազգեստ կինը, որուն այրին այդ խոսքերը կուղղեր, Սաթենիկն էր, այն, որ երկու շաբաթ առաջ ներկայացած էր Աղքատախնամին և ձեռնունայն ետ դարձած, արձանագրված չըլլալուն և իր մասին քնություններ կատարելու պետք տեսնվելու համար։

Այդ քննությունն այժմ կատարված էր։ Քանի մը օր առաջ, Աղքատախնամի օժանդակ մասնախմբեն անդամ մը, որուն պաշտոնն էր այդ տեսակ քննություններ կատարել, եկած էր իր տունը և մանրամասն հարցուփորձած էր զինքը, և կարգ մը բաներ ծանոթագրած՝ հուշատետրի մը մեջ։

Քառասունըհինգ տարեկան մարդ մըն էր եկողը, որ պարկեշտ և գթասեր մեկու մը տպավորությունը թողուցեր էր Սաթենիկի վրան, թեև իր նյութական վիճակին ու կյանքին վրա կատարված