Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/586

Այս էջը հաստատված է

− Հիմա հասկցա՞ր ա… ինշալլահ, ասկե ետքը միտքդ կմնա։

− Ըսել է որ չպիտի ստորագրեք։

− Չէ՛ ըսինք ա… մեկու մը վրա այսչափ չեն բռնանար։

− Բռնանալու բան չկա, միայն թե…

− Ասկե ավելի ինչպե՞ս բռնություն կրնա ըլլալ, քեզի կըսեմ կոր թե սկզբունքիս հակառակ է, դուն դարձյալ կպնդես․․․ ամեն բան չափ մը ունի։

− Կներեք, Սիմոն աղա։

− Ներելու բան չկա, միայն թե քիչ մը խոսք հասկնանք․․․ ես քու բարեկամդ եմ, քեզ կսիրեմ, ձեռքես եկածին չափ կպաշտպանեմ, ասոր համար հանցա՞նք կգործեմ։

– Չէ՛, ընդհակառակը, շնորհակալ եմ։

− Այն ատեն կարճ կապե այլևս և խոսքը մի երկնցներ։

Ուսուցիչը թուղթը պլորեց, գրպանը դրավ և ոտքի ելավ։

− Մնաք բարով,− ըսավ,− կներեք, որ ձեզ նեղացուցի։

− Բարկացա՞ր, կերթա՞ս կոր։

− Չէ՜, բարկանալու իրավունք չունիմ, միայն թե քանի մը տեղ պիտի հանդիպիմ։

− Հանդիպե յա՛, ամենուն ալ գնա՛, ստորագրել տո՛ւր, ես վստահ եմ, որ ամենքն ալ ուզելով կստորագրեն։ Ինչո՞ւ չպիտի ստորագրեն… փարա չես ուզեր կոր ա, պարզ ստորագրություն մը։

Պարոն Թորգոմ ալ չպատասխանեց, բարևեց ու մեկնեցավ։

Այս երկու ապարդյուն դիմումները զինքը քիչ մը վհատեցուցած էին, որոշեց տուն երթալ և հետևյալ առտու սկսիլ նոր դիմումներու։

Շուկայեն անցած ատեն, սրճարանե մը ծանոթ ձայն մը գոչեց․

− Պարոն Թորգո՛մ, պարոն Թորգո՛մ։

Ուսուցիչը գլուխը դարձուց դեպի ձայնը եկած կողմը, և ճանչցավ իր բարեկամը, պարոն Սիսակը, որ առանձին նստած էր։

Սիսակ 25 տարեկան երիտասարդ մըն էր և վաճառատան մը մեջ պաշտոնյա, զվարթ, բարեմիտ, հետաքրքիր, ու շատախոս մարդ մը։ Թորգոմ մտավ սրճարանեն ներս։

− Եկո՜ւր, նստե՛ սուրճ մը խմե՛,– առաջարկեց Սիսակ։

− Ճաշելու կերթամ,− ըսավ ուսուցիչը։

− Դեռ չե՞ս ճաշած։