Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/590

Այս էջը հաստատված է

երթար, ինծի համար չպիտի երթաս, այլ քեզի համար… ի՞նչ իրավունք ունիս բարկանալու, քեզի բարեկամաբար բան մը կհարցնեմ կոր։

− Չեմ բարկանար կոր, միայն թե առաջուց ըսի կարծեմ, որ մի այն Մարտիկ աղային ու Սիմոն աղային հանդիպեցա,− պատասխանեց Թորգոմ։

− Կներես, մոռցա, ես եմ հանցավորը։

− Այդ ի՞նչ պարապ խոսքեր են, ըսավ ուսուցիչը ոտքի ելլելով,− կարծես դիտմամբ հետս խնդիր հանել կուզես կոր…

Եվ առանց խոսքը երկարելու առավ, քալեց։

Այս անգամ ուղղակի տուն գնաց։ Իր կրած հաջորդական ձախողանքները ալ զինքը վհատեցուցած էին և պետք ուներ հանգստի և ինքնամփոփումի։

Տունը հաճելի անակնկալ մը իրեն կսպասեր։ Բարեկամ մը իրեն կիմացներ թե՝ մոտակա թաղի մը Ազգ. վարժարանին համար տնօրենի մը պետք կա, թե իր մասին խոսք անցած էր, և թե հոգաբարձուները համամտություն հայտնած էին և ուզած էին անգամ մը իրեն հետ բանակցիլ պայմաններու մասին։ Բարեկամը խորհուրդ կուտար ուսուցչին այս առիթը ձեռքե չփախցնել և անմիջապես երթալ ներկայանալ Հոգաբարձության, մանավանդ որ արձակուրդը 2 շաբաթեն պիտի ավարտեր, և վարժարանները պիտի վերաբացվեին։

− Վաղը առտու կերթամ կներկայանամ և կպայմանավորվինք,− մտածեց ուսուցիչը,− լավագույնը այս է… ո՞վ պիտի զբաղի այս անպիտան մարդոց հետ… ամենքը խոսքով բարեկամ են, բայց երբ գործի կուգա, մեյ մեկ պատճառ կգտնեն փախուստ տալու համար, խերն անիծեմ հանրագրությա՛նն ալ, Մարգար էֆ.-ին ալ…

Եվ օրվան տվայտանքեն ետքը, պարոն Թորգոմ ուրախ սրտով քնացավ։

Հետևյալ առտու զվարթ տրամադրությամբ ելավ անկողնեն, վարժարանի տեսուչ ըլլալ կերազեր։

Ղալաթիո հրապարակեն անցած ատեն հանկարծ ձայն մը լսեց, որ իրեն անունը կուտար։

− Մյուսյու Թորգոմ, մյուսյու Թորգոմ…

Ուսուցիչը ետին դարձավ, և քիչ մը անդին նշմարեց Պողոօ էֆենտին։