Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/593

Այս էջը հաստատված է

մը ունենալ, կմտածեր, քան թե ուսուցչական ասպարեզին մեջ չարչարվիլ։ Արդեն, թերևս, չպիտի համաձայնինք Հոգաբարձության հետ, աղեկ եղավ, որ Պողոս էֆ. դեմս ելավ և զիս ետ դարձուց։ Իրեն պես վաճառականի մը քով առաջին գրագիր ըլլալը պատիվ մըն է ինծի համար, ասկե զատ առնվազն 10-12 ոսկի ամսական պիտի տա անշուշտ, մինչև հիմա հազիվ ատոր կեսը կշահիմ կոր։ Ավանակություն պիտի ըլլար իր առաջարկը մերժել․ ասանկ առիթ մարդուս կյանքին մեջ մեկ-երկու անգամ կպատահի։

Միայն թե ուսուցիչը կզգար, որ խոստացած պաշտոնը ձեռք ձգելու համար հարկ էր հանրագրության գործը հաջողցնել և այս բանը քիչ մը մտատանջություն կպատճառեր իրեն։

Նախորդ իրիկվա դիմումներուն անհաջողությունն իր վստահությունը խախտած էր։

− Գոնե 80-100 ստորագրություն կրնամ հավաքել,− կմտածեր։

Իր թաղը հասնելուն պես գնաց տուն, հանրագրությունը գրպանը դրավ և սկսավ իր այցելությունները։

Չենք ուզեր մի առ մի և մանրամասնորեն պատմել իր կատարած բոլոր դիմումները, որոնք գրեթե կետ առ կետ կնմանեին մյուսներուն։

Ամեն տեղ ուսուցիչը համակիր ընդունելություն գտավ, ամենքն ալ իրենց ցավը հայտնեցին գործված անիրավության համար, ամենքը խորհուրդ տվին բողոքելու համար, բարեկամներու կամ պաշտպաններու դիմելու, բայց ոչ ոք գրիչը ձեռք առավ հանրագրությունը ստորագրելու համար։

Ամեն մեկը պատճառաբանություն մը կգտներ ստորագրելե խուսափելու համար։

− Ես երդում ըրած եմ, որ ասանկ գործերու չխառնվիմ,− կըսեր մին։

− Իմ ստորագրությունս փոխանակ քեզի օգտակար ըլլալու վնասակար կըլլա,− կփաստաբաներ երկրորդ մը,− որովհետև Վարչության բոլոր անդամներն ալ ինծի թշնամի են։

− Կինս զավակներուս վրա երդում ընել տված է, որ թաղային գործերու չխառնվիմ,- կհայտարարեր երրորդ մը։

Շատերը կըսեին.