բացատրությունն ալ «Աղքատ ու հպարտ» տեսակ մը անբնական, արտառոց, չըլլալիք բան մը կենթադրե։
Աղքատը իրավունք չունի հպարտ ըլլալու, պետք է գետնամած սողոսկի, խոնարհի, կքի, ցածնա ամենուն առջև, առանց արժանապատվության ամենափոքր հետք մը պահելու վրան։
Աղքատ ու հպարտ, աստված իմ, միթե կարելի է երևակայել այդպիսի անհեթեթություն մը։ Եվ սակայն, ահա այդպիսի տարօրինակ աղքատ մըն էր Սաթենիկ…
Երբ Ղուկաս էֆենտի մտեր էր Աղքատախնամի գրասենյակեն ներս, ամենքը փութացեր էին հարգանքով ոտքի ելլելու, նույնիսկ հոն գտնվող երկու խնամակալուհի տիկինները և օրիորդ մը, որ անոնց կընկերանար։
− Նստեցեք՛, էֆենտիմ, ի՞նչ կընեք, կաղաչեմ,− ըսավ Ղուկաս էֆենտի դանդաղաքայլ դեպի իրեն սահմանված թիկնաթոռը հառաջանալով։
Ղուկաս էֆենտի գիտեր, որ մյուսները նստելու համար պիտի սպասեին, որ նախ ինք բազմեր և ասոր համար կամաց կքալեր, որպեսզի զանոնք ոտքին վրա կեցնելու հաճույքը ըմբոշխնե:
− Է, գործի սկսինք,− ըսավ գրասեղանին մեջտեղը տեղավորվելով− …սարսափելի օդ։
− Ես այդ օդը շատ կսիրեմ,− ըսավ օրիորդ Նունիկ՝ հարուստ հանձնակատարի մը սիրուն, թխագույն աղջիկը, զվարթ ու բարի:
− Ես ալ այնպես,− ավելցուց տիկին Սոֆի, քառասունըհինգնոց մսեղ ու լայնափոր կին մը, ունևոր այրի մը, որ իր գայթակղալից պատմություններովը հաճախ խոսեցնել կուտար իր վրա −… այս առտու ելած ատեն անկողնիս մեջեն խոշոր-խոշոր ձյուներու իյնալը տեսա նե՝ անանկ քեյֆ ըրի որ…
− Մեյ մըն ալ աղքատներուն հարցուցեք,− ըսավ Մարգար էֆենտի, ծանոթ փաստաբան մը, որ Աղքատախնամի անդամ էր, սակայն հազիվ տարին մեկ քանի անգամ կմասնակցեր ժողովներուն:− Տաքուկ անկողնին մեջ պառկած ձյունը դիտելը կրնար շատ հաճելի բան մը ըլլալ, բայց երբ վառելիք ու հագնելիք չունիս, այն ատեն այսպիսի օդ մը պարզապես պատուհաս մըն է, և կարելի չէ հանգիստ սրտով վայելել ձյունը, երբ միտք բերենք ավուր հացի կարոտ հազարավոր չքավորները։
− Այդ մասին իմ խիղճս հանգիստ է,– պատասխանեց տիկին Սոֆի, իր դեմ ուղղված համարելով փաստաբանին խոսքերը,−