Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/600

Այս էջը հաստատված է

− Գիտեմ, որ այս տեսակ գործերու համար շատ ճարպիկ ես,− պատասխանեց ուսուցիչը,− միայն թե…

Բայց խոսքը չուզեց շարունակել, վախնալով, որ կվիրավորե դիմացինը։

− Միայն թե ի՞նչ,− հարցուց մյուսը։

− Ոչինչ…

− Չէ, լեզվիդ տակ բան մը կա, ըսե՝ տեսնենք… ես կուզեմ, որ անկեղծորեն խոսինք իրարու հետ։

− Ըսել կուզեի, որ թերևս հակառակորդ կողմեն խնդիրը կիմացվի, և քեզի առաջարկություններ կըլլան…

− Այսինքն զիս կկաշառե՞ն, ըսել կուզես,− զոլեց Ճանիկ բարկացած ձայնով մը։

− Ոչ թե կաշառել, բայց թերևս քեզ կհամոզեն, որ վազ անցնիս այդ գործեն…

− Եվ ի փոխարեն դրամ կուտան, այնպես չէ՞։

− Ոչ թե դրամ կուտան, այլ ոևէ կերպով կջանան քեզ գոհացնել…

− Ինծի նայե, մյուսյու Թորգոմ, կերևա, որ դուն տակավին իմին ինչ մարդ ըլլալս չես գիտեր կոր, ես թեև հարուստ չեմ, քայց սիրտ ունիմ, պատիվ ունիմ, անանկ փարայի համար արժանապատվությունս չեմ զոհեր։

− Կներես, ես այդ ըսել չուզեցի։

− Ես շատ աղեկ կհասկնամ, ինչ որ ըսել ուզեցիր, բայց երբոր գործի սկսինք այն ատեն պիտի տեսնաս ու հասկնաս իմին ինչ մարդ ըլլալս։

Ուսուցիչը զղջացած էր անխոհեմ խոսք մը բերնեն փախցուցած ըլլալուն, և ջանաց իր գործած սխալանքը դարմանելու, և Ճանիկի սիրտը առնելե ետքը զայն ճամփու դրավ։

− Այս մարդը եթե ուզե, շատ աղեկ կրնա հաջողցնել,− կըմտածեր,− ամեն տեղ կերթա, ամեն մարդ կճանչնա, և լեզուն ալ բերնին մեջ կդառնա…

Հետևյալ առտու ուղղվեցավ Պողոս էֆենտիի գրասենյակը խնդիրը բացատրելու և հարկ եղած դրամը առնելու համար։

− Այս հանրագրությունը մոտավորապես 10 ոսկիի պիտի նստի,− կմտածեր,− բայց առայժմ հինգ ոսկի կուզեմ Պողոս