Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/608

Այս էջը հաստատված է

− Ատիկա կրնա ըլլալ։

− Ինծի դեմ մասնավորապես ծանր բառեր կան եղեր,− շեշտեց Սուսերյանց։

− Ոչ այնքան ծանր։

− Այո՛, այո՛, նախատական խոսքեր… մեր ընկերները լսեր և շատ բարկացեր են, ասիկա ուղղակի Ակումբին դեմ թշնամանք կնկատեն կոր։

− Ակումբի խնդիր չկա բնավ։

− Երբոր անոր նախագահը կնախատվի, բնականաբար, Ակումբն ալ նախատված կըլլա։ Չերկարեմ, ասիկա խնդիր ըրին երեկի ժողովին մեջ և անոր ազդեցության տակ խմբագրեցին հանրագրությունը, ի փոխարեն քեզի համար շատ աննպաստ ակնարկություններ ընելով։

− Հանրագրությունը սկսա՞ծ են ստորագրել տալ,− հարցուց ուսուցիչը, որ չափազանց զգացված էր Սուսերյանցի այս հայտնություններեն։

− Երեկ գիշեր անդամները ստորագրություն հավաքեցին 30-35-ի չափ։ Այսօր ալ պիտի շարունակեն։ Մարգար էֆենտին խոստացած է ինք առանձին 100 ստորագրություն հավաքելու։

Պարոն Թորգոմի մտածմունքը ավելցավ։ Եթե Սուսերյանց ճշմարիտ կխոսեր, կացությունը արդարև ծանրակշիռ էր իրեն համար։ Մինչդեռ ինք դեռ մեկ ստորագրություն կրցած էր հավաքել, իր հակառակորդները 35 հատ հավաքած էին։ Ուսուցիչը կզգար, որ եթե նմանօրինակ մրցում մը ընեին, ինքն էր, որ պիտի պարտվեր։

− Այդ Ակումբին հետ գլուխ ելլելը շատ դժվար է,− մտածեց։

Բայց ջանաց իր վրդովումը ծածկելու։

− Հաջողություն կմաղթեմ,− ըսավ,− բայց բողոքելու իրավունքս կվերապահեմ։

− Ի՞նչ բողոք,− հարցուց Սուսերյանց։

− Եթե հանրագրության մեջ պատիվս դպչելիք բան մը կա՝ գիտցած եղեք, որ դատարանի կդիմեմ։

− Ես շատ աշխատեցա, որ մեղմ գրեն, բայց ընկերները մտիկ չըրին,− ըսավ Սուսերյանց,− թեև ի վերջս քանի մը փոփոխություններ հաջողեցա մտցնել մեջը։ Բայց կրնանք, եթե ուզես, այդ խնդիրը անուշությամբ կարգադրել։