Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/611

Այս էջը հաստատված է

− Չէ-, եղբայր, լրջորեն խոսեցավ և ինծի պաշտոն տալ ուզեց վարժարանին մեջ։

− Եվ դուն ալ այդ նվաստությունը հանձն առի՞ր։

− Տակավին վերջնական որոշում չտվի… բայց ինչո՞ւ նվաստություն ըլլա ուսուցչի մը համար պաշտոն ընդունիլ վարժարանի մը մեջ։

− Ատկե ավելի ստորություն կարելի չէ երևակայել,− շարունակեց Ճանիկ։

− Բայց պատճառը բացատրե՛ տեսնեմ։

− Քեզի խայտառակաբար դպրոցեն դուրս նետող ու տեղդ անցնող մարդուն հրամանին տակ պաշտոնավարել… ասկե ավելի ի՞նչ ստորություն կրնա ըլլալ։ Մարդ անոթի կմնա, ասանկ բան հանձն չառներ։ Հավատա, որ պարո՛ն Թորգոմ, եթե ասանկ բան մը ընես, պատիվդ փարայի մը կըլլա թաղին մեջ և բոլոր համակիրներդ քեզի դեմ կդառնան։ Ամենեն առաջ ես բարևս կկտրեմ․․․

− Իրա՞վ կըսես։

− Բնականաբար,− գոչեց Ճանիկ,− պատվո զգացում չունի՞ս բնավ։

− Բայց ես այդ առաջարկությունը ինծի համար պատվաբեր կնկատեմ… քու ըսածդ ճիշտ կըլլար, եթե դիմումը ես կատարեի, բայց քանի որ անոնց կողմե կուգա կոր, կարծեմ ինծի համար անպատվաբեր չէ…

− Պարապ խոսք, էֆենտիմ,− գոչեց Ճանիկ,− ասկե զատ վստահ եղիր, որ ատիկա պարզապես խաղ մըն է…

− Ի՞նչ խաղ։

− Այս տեսակ խոստումներով կամ առաջարկություններով Սուսերյանց կուզե քեզ խաբել և հանրագրության առաջը առնել։

− Կկարծե՞ս…

− Այդ մասին ապահով եմ։ Քեզի պես միամիտը գտեր է, ուզածին պես կխաղցնե կոր… Ասկե զատ, քեզի ուրիշ բան մը ըսե՞մ…

− Ըսե՛ տեսնենք…

− Նույնիսկ եթե տրամադրություն ունիս վարժարանին մեջ պաշտոն ընդունելու, դարձյալ դուն հանրագրությունը ստորագրել տալու ես… անիկա ճիշտ ձեռքդ զենք մըն է։ Տես, հանրագրության խոսքը միայն բավական եղավ, որ ատանկ առաջարկ մը ընեն, երբոր հանրագրությունը ստորագրվի, այն ատեն ավելի իրար պիտի