Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/612

Այս էջը հաստատված է

անցնին և լավագույն պայմաններով պիտի ստիպվին քեզի պաշտոնի կանչել և այն ատեն պատիվովդ պիտի մտնես վարժարանեն ներս և ոչ ոք պիտի իրավունք ունենա դիտողություն մը ընելու կամ քեզ դատապարտելու։

Ճանիկի այս խոսքերը վերջապես վճռական ազդեցություն մը գործեցին Թորգոմի վրա և անոր վարանումները ցրվեցին։

− Իրավունք ունիս,− գոչեց,− հանրագրությունը պետք է ստորագրվի։

− Նույնիսկ այս իրիկվընե գործի սկսելու է։

− Ատիկա դուն վրադ պիտի առնես։

− Անշուշտ, հոգ մի ըներ, հիմա, անմիջապես կսկսիմ, միայն թե դրամական խնդիրը կարգադրենք։

− Առհաշիվ 200 ղրուշ պիտի վճարեմ անմիջապես,− ըսավ Թորգոմ։

− Քիչ է, սիրելիս։

− Կարծեմ թե մեր պայմանը այնպես էր,− պատասխանեց Թորգոմ։

− Այո, բայց քովս որչափ ավելի դրամ գտնվի, գործը այնչափ արագ կլմննա։

− Երբ որ այս 200 ղրուշը ծախսես և արդյունքը ցույց տաս, անմիջապես դարձյալ նոր վճարում մը կընեմ։

Ճանիկ ավելի չի պնդեց․ ուրախությամբ մեճիտիեները գրպանեց և ըսավ.

− Գործը եղածեն սեպե, ո՞ւր է հանրագրությունը։

− Տունն է,− պատասխանեց ուսուցիչը։

− Ուրեմն երթանք առնենք։

Միասին ճամփա ելան։ Ճանիկ այնքան վստահորեն կխոսեր իր հաջողության մասին, որ ուսուցիչին տարակույսները բոլորովին փարատեցան։

− Աղեկ ըրինք այս մարդը ձեռք ձգեցինք,− մտածեց,− թաղին մեջ այս գործին հարմար միակ անձն է։

Հանրագրությունը Ճանիկին հանձնելով հարցուց.

− Ե՞րբ տեղեկություն մը կրնամ առնել։

− Ի՞նչ տեղեկություն․․․

− Հանրագրության մասին։

− Ես երկու օրեն կուգամ քեզի կտեսնեմ… անհոգ եղիր։ Գործը կատարված համարե…