Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/616

Այս էջը հաստատված է

− Մտածելու բան չկա,− ըսավ,− աստված մեկ դուռը գոցե նե՝ ուրիշ դուռ մը կբանա… արդեն դուն ալ քիչ մը առաջ ըսիր, որ քանի մը գործեր կան և թե քեզ թողված է ընտրություն մը ընել։

− Այնպես է,− պատասխանեց Թորգոմ։

− Իսկ եթե այդ հույսերդ ի դերև ելնեն, նորեն հուսահատելու բան չկա… թերևս միջոց մը գտնենք կարգադրություն մը ընելու։

− Ի՞նչ կարգադրություն,− հետաքրքրվեց ուսուցիչը։

− Այսինքն կաշխատինք Մարգար էֆենտիին սիրտը առնել…

− Ինչպե՞ս, իրմե ներո՞ւմ խնդրելով արդյոք,− գոչեց Թորգոմ։

− Ինչո՞ւ չէ։

− Երբեք ատանկ բան մը մի սպասեք ինե… կնախընտրեմ անոթի մեռնիլ, քան թե հանձնառու ըլլալ այդպիսի ստորության մը։

− Ըրածդ պարզապես հիմարություն է։ Եվ անոր փորձանքն է, որ կքաշես կոր հիմա։

− Կրնա ըլլալ,– պատասխանեց Թորգոմ։

Նոր ծանոթներ եկան և սեղանին շուրջը բազմեցան, որով խոսակցությունն ալ վերջ գտավ։

Թորգոմ քիչ հետո մեկնեցավ սրճարանեն և ուղղվեցավ տուն, չուզելով ուրիշներու հետ խոսակցության բռնվիլ։

Առանձնանալու պետք կզգար, միտքը ամփոփել կմտածեր։

− Հիմա կհասկնամ թե ինչու Սուսերյանց պաշտոնի վրա առաջարկություն ըրավ ինծի… պարզապես որպեսզի վազ անցնիմ հանրագրութենեն։ Անպիտանը ուզեց զիս խաբել կրկին և այսքան ետևես ինկած է հանրագրության համար, ըսել է, որ կվախնա կոր անկե… ով գիտե, թերևս Մարգար էֆենտիին հետ խորհած ու այս միջոցը մտածած են զիս պայքարեն ետ կեցնելու համար։ Ատով միայն պիտի կրնամ վրեժս լուծել և հակառակորդներուս աչքը վախցնել։

Այս մտածումը զինքը քիչ մը մխիթարեց և Թորգոմ նույն գիշերը հանգիստ քնացավ այն վստահությամբ, թե վերջնական հաղթանակը իրեն պիտի մնար։

Հետևյալ առտու կանուխ դեռ նոր անկողնեն ելած էր, երբ Ճանիկ երևցավ։