Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/617

Այս էջը հաստատված է

Չափազանց աճապարյալ կերպարանք մը ուներ։

− Սըկե 150 ղրուշ տուր,− գոչեց Թորգոմին, առանց «բարի լույս» ըսելու։

− Ի՞նչ կա որ,− հարցուց մյուսը շվարած։

− Ճանըմ, տուր սա 150 ղրուշը…

− Տամ, բայց նախ նստե տեսնենք, քիչ մը խոսինք, նայինք ի՞նչ եղավ հանրագրության գործը։

− Աղբար, երկար բարակ խոսելու ատեն չէ, գործ տեսնենք, խոսքով բան չլմննար, ետքը շատ կխոսինք։

− Բավական ստորագրություն հավաքվեցա՞վ,− հարցուց ուսուցիչը։

− Ինծի Ճանիկ կըսեն, աչքիս մեջ աղեկ նայե,− գոչեց մյուսը հպարտորեն։

− Քանի՞ հատ ժողվեցիր մինչև հիմա…

− Ես բան մը վրաս կառնեմ նե՝ կկատարեմ, հեմ աղեկ կկատարեմ։

− Լավ, բայց քիչ մը բացատրություն տուր։

− Նախ սա 150 ղրուշը համրե։

− Քանի՞ ստորագրություն հավաքեցիր։

Ճանիկ խորհրդավոր ձևով մը մոտեցավ Թորգոմի ականջին և փսփսաց.

− 60-ը անցավ․․․

Ուսուցիչը ուրախութենեն այլայլեցավ։

− Ի՞նչ կըսես,− գոչեց։

− Այո՛, երեսուն ժամվան մեջ 60 ստորագրություն, այսինքն մեկ ժամվան մեջ երկու հատ,− հաստատեց Ճանիկ։

− Անհավատալի բան։

− Եվ սակայն բացարձակ ճշմարտություն է։

− Ո՞ւր է հանրագրությունը, աչքովս տեսնեմ անգամ մը։

− Ուրեմն խոսքիս չե՞ս հավատար։

− Կհավատամ, բայց․․․

− Ճանիկ սուտ չխոսիր, սա գիտցած եղիր․․․ երկու օրեն ստորագրությունները 150-ի պիտի հասնին… նա՛, սա պատին վրա գրե՝ եթե կուզես։

− Աղեկ, եղբա՛յր, խոսքիդ կհավատամ, բայց անգամ մը տեսնեմ սա հանրագրությունը, նայինք ի՞նչ տեսակ մարդիկ ստորագրած են։