Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/62

Այս էջը հաստատված է

− Գուցե երկու հազար ոսկիով ալ գործը կլմնցունեինք,– կխորհեր, և միտքեն ի վար միջոց մը կփնտռեր խաղի մը բերելու համար իր փեսացուն։

Խոսք-կապի առթիվ նույն առտուն կրկին իրենց տունը հյուր եկած էր քենին, տիկին Երանիկ Ամիսյանը, իր փոքրիկ աղջկանը՝ Արաքսիի հետ, որ տասներկու տարեկան գիրուկ, սևաչվի և թուխ աղջիկ մըն էր։

Ղուկաս էֆենտի քանի մը տարիե ի վեր ծածուկ հարաբերություններ հաստատած էր քենիին հետ, որ ինչպես գիտենք, հաճախ իրենց տունը հյուր մնալու կուգար։ Այս բանը գրեթե բռնի պարտադրած էր կնոջ, իբրև փոխարինություն մը այն պաշտպանության և դրամական օգնության, որ ըրած էր սնանկացյալ ամուսնույն:

− Խալթ մըն էր, իմ սայիես կապրիք կոր,− ըսած էր Երանիկի, անոր ընդդիմություններուն հաղթելու համար։

Եվ խեղճ կինը ստիպվեր էր տեղի տալու, նախ տեսակ մը խղճի խայթով ու պժգանքով, հետո, ալ սորված, գրեթե անտարբերությամբ, անձնամատույց կիներու պես, որոնք ապրելու համար ստիպված են իրենց մարմինը վաճառելու։

Այդ առտու, երբ Ղուկաս էֆենտին տեսած էր քենին, հաճելի զգացում մը, տարփոտ ցանկություն մը զգացած էր ու հիմա շվայտ հեշտանքով մը կխորհեր իրեն սպասող հաճույքին վրա, քանզի միտքը դրած էր նույն իրիկունն իսկ օգուտ քաղել անոր ներկայութենեն։ Բոլոր այս հայրատ մտածումները կգրգռեին իր երևակայությունը և ամբողջ ջղային դրությունը։ Աճապարանք մը ուներ ժամ առաջ տուն դառնալու։

− Դեռ շատ մարդ կա՞, դեռ որքա՞ն մնաց,− կհարցներ ատեն-ատեն դռնապան Մարկոսին, անհամբեր կերպարանքով մը։

− Դուրսը լեցուն են,− կպատասխաներ մարդը անդրդվելիորեն։

Եվ կշարունակեր տողանցությունը, պոռչտուկները, լացուկոծը, բողոքները, օրհնություններու և փառաբանություններու հետ խառնված։

− Ողջ ըլլաք, շատ ապրիք, աստված մեկ օրերնիդ հազար ընե, տերտ խասավեթ չցուցնե, ևն։

Բրդեղեն ու ֆանելա զգեստներն ալ սպառեցան, երկու տիկինները և օրիորդը գործերնին ավարտած նկատելով՝ մեկնեցան,