Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/624

Այս էջը հաստատված է

Թորգոմ անհամբերության շարժում մը ըրավ, իսկ Ճանիկ անտարբերությամբ խաղը շարունակեց։

− Վա՛յ, շունշանորդի, ինչ գեշ թուղթ կուգա կոր,– մռմռաց պահ մը ետքը դժգոհ դեմքով մը, ամմա ուղուրսըզ ոտք ունիս եղեր, քովս գալեդ ի վեր բախտս դարձավ։

− Կարճ կապե՛ ու դուրս ելլենք,– պատասխանեց ուսուցիչը։

− Անանկ է յա, երկու մեճիտիե կորուստ ունիմ, ձգեմ երթա՞մ։

− Սա հանրագրության խնդիրը պարզենք։

− Գետինն անցնի հանրագրությունը…

− Եղբայր, գոնե սա մարդը ով է նե՝ ըսե ես երթամ փնտռեմ։

− Աստված պելան տա այդ մարդուն։

Պարոն Թորգոմ լռեց ու քիչ մըն ալ սպասեց։ Ճանիկ կշարունակեր կորսնցնել և հետզհետե բարկությունը կավելնար։

− Ինչ ուղուրսուզ ես եղեր,− կրկնեց։

− Ես ի՞նչ հանցանք ունիմ,– պատասխանեց Թորգոմը։

− Սանկ քիչ մը քովես ելիր, տեսնենք ինչպես կըլլա, կարելի է բախտս կփոխվի։

Թորգոմ չպատասխանեց և տեղը անշարժ մնաց։

− Վայ շունշանորդի, բոլորն ալ պոշ,– գոչեց Ճանիկ թուղթերը առնելով,– աստծու սիրուն, սըտեղեն ելիր, պե հերիֆ։

Այս անգամ ուսուցիչը ոտքի ելավ։

− Օ՜ֆ,− հառաչեց մյուսը։

− Բայց անպատճառ քեզ տեսնելու պետք ունիմ,− պնդեց Թորգոմ։

− Վաղը առտու ես քեզի կհանդիպիմ։

− Խոսք կուտա՞ս։

− Կուտամ, էֆենտիմ, կուտամ, անհո՛գ եղիր։

− Հատկապես պիտի սպասեմ։

− Սպասե՜, անպատճառ պիտի գամ, հանրագրությունն ալ հետս կբերեմ, դուն ալ կազատիս, ես ալ։

Թորգոմ մեկնեցավ ու վերադարձավ տուն, շատ սրտաբեկ վիճակի մեջ։

Ճանիկի ընթացքը իրեն շատ տարօրինակ թված էր։ Ինք