Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/625

Այս էջը հաստատված է

այնպես կենթադրեր, որ Ճանիկ ստորագրություն հավաքելու զբաղած էր, մինչդեռ սրճարանը նստած թուղթ կխաղար։

− Գոնե 70-80 ստորագրություն հավաքած ըլլար, ես ալ իմ կողմես 30-40 հատ կհավաքեի ու գործը կլմննար,− մտածեց։

Եվ սակայն հետևյալ առտու Ճանիկ չերևցավ և այս պատճառավ ալ ավելի Թորգոմի մտատանջությունը ավելցավ։

Մինչև իրիկուն թաղին մեջ իզուր փնտռեց զայն։ Ոչ ոք կրցավ տեղեկություն մը տալ իր մասին։

− Ուրիշ տեղ մը գացած ըլլալու է, ըսին մեկ քանիները։

− Թերևս Գարթալ գացած է, երբեմն հոն կերթա, քանի մը շաբաթ կմնա, կարծեմ եղբայր ունի այնտեղ,– հավաստեց մեկը։

− Մագրի գյուղ քրոջը գացած է գուցե,– ըսավ ուրիշ մը։

Բոլոր այս բացատրությունները ուրիշ արդյունք մը չունեցան՝ այլ եթե Թորգոմի մտատանջությունը ավելցնել։

Իրիկունը ուշ ատեն թաղեցի մը եկավ գտավ ուսուցիչը և ըսավ.

− Ճանիկ մեջտեղ ելավ, աչքդ լույս։

− Ո՞ւր է,– գոչեց Թորգոմ ուրախությամբ։

− Միչոյին գինետունը օղի կխմե կոր։

Թորգոմ իսկույն փութաց ցույց տված սրճարանը։ Արդարև Ճանիկ հոն էր, սեղանի մը քով և բարեկամի մը հետ կճնկեր։

Թորգոմ մոտեցավ իրեն։

− Բարև Ճանիկ աղա,− ըսավ ձայնը բարձրացնելով։

Մյուսը գլուխը վեր առավ և ուսուցիչը տեսնելով ըսավ.

− Աղեկ որ եկար, նստե՛ տեսնենք։

Ուսուցիչը տեղավորվեցավ աթոռի մը վրա։

− Երեկ առտու քեզի սպասեցի չեկար,− ըսավ։

− Ինչպես գայի,− գոչեց Ճանիկ,− ինչպես գայի…

− Ի՞նչ եղավ որ,− հարցուց Թորգոմ։

− Քիչ մնաց գլուխս պիտի պատռեր։

− Որո՞ւ գլուխը։

− Կեցիր որ պատմեմ, նախ օղի մը խմե տեսնենք։

− Կխմեմ, շնորհակալ եմ։

− Վա՜յ շունշանորդի, ասանկ բան գլխուս չէր եկած բնավ։

− Ի՞նչ պատահեցավ տեսնենք… բայց նախ սա մեր հանրագրությունը ի՞նչ եղավ։

− Խնդիրը ճիշտ ատոր վրա է։