Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/627

Այս էջը հաստատված է

− Բայց ինչպե՞ս կպատռեն հանրագրությունը,− գոչեց խեղճ ուսուցիչը, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Մտիկ ըրե։ Մարդը հանրագրությունը կառնե և իր խոստումին համեմատ կսկսի ծանոթներուն ստորագրել տալ և կհաջողի 20 ստորագրություն ևս ավելցնել իմ հավաքած 60 ստորագրություններուս վրա։ Սրճարանի մը մեջ է եղեր և նոր մեկու մըն ալ ստորագրել կուտա կոր եղեր, երբ անծանոթ մարդ մը ներս կմտնե, կուգա հանրագրությունը կառնե «մեյ մըն ալ ես կարդամ» ըսելով և ահա, հանկարծ բարկությամբ կտոր-կտոր կպատռե, կարգ մը հայհոյանքներ ուղղելով քեզի…

− Ո՞վ է եղեր այդ թշվառականը,− գոչեց Թորգոմ։

− Չեմ գիտեր, եղբա՜յր, բայց ետևեն պիտի իյնամ ու պիտի գտնամ… թող առնելիքը ըլլա…

− Ի՞նչ օգուտ հանրագրությունը պատռելե ետքը…

− Գոնե վրեժնիս լուծենք։

Վրեժխնդրական այս ծրագիրը շատ չժպտեցավ պրն. Թորգոմին, որ չէր կրնար մխիթարվիլ այս պատահած փորձանքեն։

− Հատ մըն ալ խմե,− թելադրեց Ճանիկ։

− Այսպե՞ս կկատարես խոստումդ,− ըսավ ուսուցիչը հանդիմանական շեշտով մը,− հույսս քու վրադ դրած էի և ի փոխարեն ինչ դրամ որ ուզեցիր՝ ճարեցի ու հիմակ, ոչ թե ստորագրություններ ձեռք չանցան, այլ հանրագրությունն ալ մեջտեղեն անհայտացավ։

− Ես հանցանք ունի՞մ, հանցանքը այն ավանակինն է, որ թուղթը չճանչցած մարդուն ձեռքը տվեր է։

− Ես թուղթը քեզի հանձնեցի՝ հետևաբար քեզ կճանչնամ, իբրև եղածին պատասխանատու։

− Դուն ալ իրավունք ունիս,− խոստովանեցավ Ճանիկ,− բայց ես գործը ավելի շուտ հաջողցնելու համար հանրագրությունը այդ մարդուն տվի… Ինչ որ է, ալ կարճ կապենք, եղածը եղած է, ճար չի կա։ Հիմա պետք է դարմանին վրա մտածենք։

− Ի՞նչ դարման…

− Ճանըմ, դուն ալ շատ թոհաֆ մարդ ես, հանրագրությունը պատռեր է եղեր, ինչ ընենք, ուրիշ մը կգրես, լմնցավ գնաց, քսան փարայի թղթին վրա է խնդիրը։

Լույսի նշույլ մը փայլեցավ ուսուցչին աչքերուն մեջ։