կեսօր էր ու տունը ճաշի կսպասեին: Դուրսը հազիվ մեկ քանի հոգի մնացեր էին:
− Ամենքը մեկեն ներս կանչեցեք,− գոչեց Ղուկաս էֆենտի, ժամացույցին նայելով։
Չորս կին և երկու ծերունի մարդ ներս մտան ու եկան շարվեցան գրասեղանին առջև։ Սաթենիկն ալ իրենց մեջն էր, երկչոտ, ամաչկոտ, ետևոք կեցած՝ լուռ ու նեղված։
− Սըվոնց ալ գործը տեսեք, ճամփեցեք,− հրամայեց էֆենտին։
Բայց անոնք սովորական նպաստով գոհանալու երևույթ չունեին։
− Մեր լաթերը ո՞ւր է… ասանկ օրով չըպլա՞խ պիտի ձգեք մեզի, ամենուն ալ տվիք, մեր հանցանքը ի՞նչ է, մենք հայ չե՞նք, քրիստոնյա չե՞նք… փայտ չունինք, քեոմյուր չունինք, ուտելիք չունինք…
− Ինչ ընենք, չմնաց, ուշ եկաք,− ըսավ Աղքատախնամի անդամներեն մեկը−…ամենքն ալ տրվեցավ, դուք ալ զատկին կառնեք, քիչ մը համբերեցեք…
Եվ ընդհանուր դժգոհության մրմունջներու մեջ մեկնեցան մեյմեկ դրամական նվեր քսանական օխա ածուխի համար տոմսակ մը առնելով: Ալ միմիայն Սաթենիկը մնացած էր դռան քով։
− Դուն ի՞նչ կուզես,− գոռաց Ղուկաս էֆենտի։
Սաթենիկի մասին քննություն կատարող անձը ծռեցավ էֆենտիին ականջին ու բաներ մը փսփսաց.
− Ահավասիկ, հոս, ձեր առջև, գրասեղանին վրա է,− պատասխանեց մարդը,− ծալված թուղթ մը ցույց տալով։
Էֆենտին առավ և սկսավ կարդալ։
Տեղեկագիրը կհաստատեր թե Սաթենիկ իր, ինչպես նաև իր դրացիներու վկայությամբ, ոևէ ապրուստի միջոց չուներ, թե ձեռագործի աշխատությունները բացարձակապես անբավական էին զինքն ու փոքրիկ աղջիկը, որ նոր հիվանդությունե ելած էր, ապրեցնելու։ Բայց կհավելուր, մութ կետ մը կար, որ լուսաբանության կարոտ էր և որու մասին գայթակղական զրույցներ կշրջեին դրացիներու մեջ, Սաթենիկ իր տան մեջ իբրև վարձակալ ուներ Գարեգին անունով երիտասարդ մը, որ կվճարեր տան վարձքը, ըստ խոստովանության նույնիսկ Սաթենիկի, դրացիները կկասկածեին,