Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/631

Այս էջը հաստատված է

− Մասնավոր օր մը որոշե և այդ օրը միայն ընդունե դիմում ընողները։ Այն ատեն գոնե շաբաթը անգամ մը քեզ կձանձրացնեն։

− Իրավունք ունիս, շատ աղեկ մտածեցիր։

− Օրինակի համար՝ երկուշաբթի օրերը։

− Այո՛, երկուշաբթին ամենեն հարմարն է։

− Ուրեմն ես ալ երթամ ու երկուշաբթի օրը գամ,− ըսավ տիկին Նվարդ խնդալով ու մեկնումի կեղծ շարժում մը ընելով։

− Ինչո՞ւ համար,– հարցուց Սաթեն։

− Որովհետև ես ալ այսօր խնդիրքի մը համար եկած եմ քեզ տեսնելու։

− Չեմ հասկնար, ինչ խնդիրքի կակնարկես, բայց ապահովաբար Թաղ. Խորհուրդի հետ կապակցություն չունի։

− Ընդհակառակը, գործս Թաղ. Խորհուրդի ձեռքով կրնա լմննալ։

− Բայց քու էրիկդ ալ թաղական է, ինչո՞ւ անոր չես ըսեր։

− Անանկ բան մըն է, որ անոր չեմ կրնար ըսել, նույնիսկ չեմ ուզեր, որ ինք իմանա բուն իրողությունը… դուն քու կողմեդ պիտի ընես ամեն բան և ես բնավ չպիտի երևամ մեջտեղը։

− Այս ի՜նչ զարմանալի ու խորհրդավոր գործ է,− գոչեց տիկին Սաթեն,− շիտակը զիս կհետաքրքրես կոր… պատմե՛ տեսնենք։

− Նախ խոսք տուր, որ խնդիրս չպիտի մերժես,− ըսավ տիկ․ Նվարդ խնդալով։

− Եթե ըլլալիք բան է, ինչո՞ւ մերժեմ։

− Շատ դյուրավ ըլլալիք գործ է, միայն թե պետք է որ Մարգար էֆենտիին հատկապես խոսիս և ստիպես, որ ընե։

− Ըլլալիքը ի՞նչ է…

− Թաղական Խորհուրդին կողմե թուղթ մը պիտի գրվի, աս է ամենքը, կտեսնաս, որ գործը էրկանդ ձեռքով կլմննա։

− Շատ աղեկ, սիրելի՛ս, բացատրե տեսնենք։

− Բայց խոստացիր, որ ամեն ջանք պիտի թափես…

− Կխոստանամ, աղվորս,− պատասխանեց Սաթեն,− ուրիշներուն համար ըրածս քեզի համար պիտի մերժե՞մ։

− Խոսք տուր նաև որ ըսելիքներս մեր մեջ պիտի մնան։