Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/632

Այս էջը հաստատված է

− Աս ինչ խորհրդավոր ձևեր, կխոստանամ, միայն թե շուտ խոսե՛, համբերությունս սպառեցավ։

− Լա՛վ, ահա պատմեմ։ Մորաքույրս կճանչնա՞ս… Էլպիս հանըմը։

− Չեմ հիշեր կոր, ձեզի շատ կուգա՞։

− Ընդհակառակը, բնավ չի գար, Խաս գյուղ կնստի։

− Անանկ է նե՝ չեմ տեսած․․․ արդեն առաջին անգամն է կարծեմ, որ մորաքրոջդ խոսքը կլսեմ կոր։

− Իրավունք ունիս, իր մասին խոսելու առիթ չեմ ունեցած մինչև հիմա։ Ինչ որ է, մորաքույր մը ունիմ Խաս գյուղ, որ ամուսնացած է… էրիկը անպիտան մարդուն մեկն է, անոր համար հետը հարաբերություն չունինք։ Գիտես ա, երբեմն ընտանիքներու մեջ ասանկ անունի անպատվություն բերող մարդիկ կգտնվին։

− Անանկ է,− հաստատեց Սաթեն,− մենք ալ մեր մեջը անանկ մեկը ունինք։

− Ինչ որ է, չերկնցնեմ, ասկե քանի մը շաբաթ առաջ մարդը հիվանդ կիյնա, փեք աղեկնալու հույս չկա․․․ խեղճ մորաքույրս միս մինակ ինչպե՞ս նայի․․․ վերջապես մայրս և ես մտածեցինք թե հիվանդանոց դնելեն ուրիշ ճար չի կա, միայն թե, խնդիր մը կա․․․

− Ի՞նչ խնդիր։

− Այսինքն դժվարություն մը… կուզենք, որ ձրիաբար դնենք հիվանդանոց։

− Կարողություն չունի՞։

− Ճանըմ, քիչ մը կարողություն ունի՝ բայց վերջապես անբուժելի հիվանդության մը համար ամիսը 4-5 ոսկի տալը դժվար է, մանավանդ բժիշկը «ասանկ թերևս քանի մը տարի կապրի» կըսե կոր։ Ճիշտ ատոր համար խորհեցանք, որ ձրիաբար դնելու ճարը գտնենք։

− Աղե՛կ, բայց ես ի՞նչ կրնամ ընել, կամ Մարգար էֆ-ն ի՞նչ կրնա ընել, քանի որ մորաքրոջդ ամուսինը Խաս գյուղ կնստի, հոն տեղի Թաղ. Խորհուրդեն թուղթ մը առնելու է,− դիտել տվավ տիկին Սաթեն։

− Խաս գյուղեն անկարելի է թուղթ առնել,− պատասխանեց տիկին Նվարդ։

− Ւնչո՞ւ համար։

− Որովհետև հոնտեղի Թաղ. Խորհուրդը չքավորության